Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների իրավական գործերի հետ կապված դրվագները կդառնան դասագրքային օրինակներ այն բանի, թե ինչ չի կարելի անել իրավական պետությունում, քանի որ դրանք դասական քաղաքական հալածանքներ են: Հունիսի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով դաշինքի գործընկեր Ալիկ Ալեքսանյանի կալանավորումը:

Նա ընդգծել է, որ այդ մեղադրանքներում լիովին բացակայում են որևէ իրավական հիմքեր. «Երեկ խոսում էին փողերի լվացման դրվագի մասին, որն առաջադրում են որպես մեղադրանք: Մի կազմակերպությունից նույն մարդուն պատկանող մեկ այլ կազմակերպություն միջոցների փոխանցումը նրանք որակել են որպես փողերի լվացում: Այստեղ չկա նույնիսկ հանցակազմի մոտավոր որակում, այս առաջադրված մեղադրանքն իսկապես անհեթեթություն է»: Մելոյանը հավելել է նաև, որ, չնայած ճնշումներին, Ալեքսանյանն ամուր դիրքերից սպասում է հունիսի 7-ի ընտրությունների հաղթական արդյունքին:

Ըստ Գոհար Մելոյանի՝ այս բոլոր քայլերը՝ սկսած Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից և վերջացրած կալանավորումներով, հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ սպասարկել այսօրվա իշխանության քաղաքական շահերը և ընդդիմության ներկայացուցիչների անունները կապել ինչ-որ հորինված կաշառքների հետ: Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժը կաշառք տալու ոչ մի անհրաժեշտություն չունի, քանի որ իրենք հենվում են հասարակական անկեղծ սիրո և ժողովրդական աջակցության վրա:  

Մելոյանը հիշեցրել է, որ քանի դեռ Սամվել Կարապետյանը կալանքի տակ էր շուրջ յոթ ամիս, տասնյակ հազարավոր մարդիկ՝ համատարած վախի մթնոլորտում, կամավոր գալիս և անդամագրվում էին նախ իրենց հասարակական կազմակերպությանը, իսկ հետո նաև՝ կուսակցությանը: Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր քաղաքական ուժի նման մասշտաբային աջակցությունն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության համար և բացատրվում է Կարապետյանի բազմամյա բարեգործական գործունեությամբ, որն արարել է, կառուցել ու վեր խոյացրել անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին եկեղեցին, երբ ինքը դեռ սեփական տուն չուներ:

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով: Ալեքսանյանը ձերբազատվել էր հունիսի 2-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նա անցնում է ընտրողներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման աղմկահարույց գործով: