Այն, ինչ այսօր անում են Հայաստանի գործող իշխանությունները՝ ի դեմս կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ոչ միայն քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարում է, այլև հասարակական բարոյականության բացարձակ ու լիակատար ոչնչացում։ Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ձևավորված իրավական խումբն արձանագրել է խախտումների բազմաթիվ փաստեր ու դեպքեր, որոնք խմբավորվել են յոթ հիմնական ուղղություններով։ Մինասյանը նշել է, որ վաղ առավոտից իրավապահ համակարգը, իշխանությունների հրահանգով, այսպես կոչված «օպերացիաներ» ու խուզարկություններ է իրականացնում ընդդիմության գրեթե բոլոր շտաբներում, այդ թվում՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության Գյումրու գրասենյակում և համակիրների բնակարաններում։ Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ այս քայլերը լուրջ հետևանքներ չեն ունենա, քանի որ իշխանություններն ուղղակի հասկանում են, որ «հողը փախչում է իրենց ոտքերի տակից»։ Դրանով նրանք փորձում են հանրության շրջանում կեղծ պատկեր ստեղծել, ինչպես նաև շինծու հիմնավորումներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին։ Արծվիկ Մինասյանը մանրամասն անդրադարձել է նաև վարչական ռեսուրսի սոսկալի ու անդադար չարաշահման խնդրին։
Նա պարզաբանել է, որ խոսքը ոչ միայն ֆինանսական միջոցների մասին է, ինչը դրսևորվում է ընտրակաշառքի քողի տակ պետական ու համայնքային բյուջեների վատնմամբ, այլև պաշտոնական լիազորությունների, կադրային ու տեղեկատվական ռեսուրսների ակնհայտ չարաշահումների։ Որպես օրինակ՝ հեռացող խորհրդարանի պատգամավորը հիշատակել է կառուցվող օբյեկտի հարթակից Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը, որտեղ նա, հղում անելով Ազգային անվտանգության ծառայությանը, հայտարարել է, թե վաղը թեկնածուներից մեկի դեմ մեղադրանք է առաջադրվելու՝ պետական դավաճանության հատկանիշներով։ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ «սա ոչ միայն անձնական տվյալների մասին օրենքի խախտում է, այլև առհասարակ պետական գաղտնիքի մասին օրենքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Սահմանադրության խախտում»։ Նա հավելել է, որ եթե երկրում լիներ գլխավոր դատախազ, ով թեկուզ չնչին չափով հավատարիմ կլիներ իր սահմանադրական պարտականություններին, ապա վարչապետի նկատմամբ հենց տեղում քրեական հետապնդում կսկսվեր, մինչդեռ ողջ իրավապահ համակարգն այսօր ընդամենը սպասարկում է քաղաքական ղեկավարության ապօրինի գործողությունները։ «Իշխանությունները փորձում են գործի դնել այս բոլոր մեխանիզմները, որպեսզի հանրությանը ներշնչեն, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է, իբր՝ մենք կանք ու կմնանք, բայց դա այդպես չէ, որովհետև իրականում ընտրությունների ելքը մեր քաղաքացիների ձեռքերում է»,- հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչը՝ իր վրդովմունքն արտահայտելով Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի խայտառակ մեթոդների կապակցությամբ, որոնց պատճառով չորս ձերբակալված կանանց յոթից ութ ժամ պահել են առանց փաստաբանների մուտքի թույլտվության։
Բացի այդ, Արծվիկ Մինասյանը մատնանշել է քննչական մարմինների ու Ոստիկանության բացարձակ կողմնակալությունը, որոնք ամբողջությամբ աչք են փակում կառավարող կուսակցության քարոզչական գործունեության վրա և իրենց ողջ ճնշումներն ուղղում են բացառապես ընդդիմության դեմ։ «Կաշառքի, ահաբեկման, ինչպես նաև տեղեկատվական կամ մարդկային ճնշման ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է։ Կոչ եմ անում քաղաքացիներին հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր՝ այս իշխանությանը մերժելու համար։ Սա կլինի հասարակության իրական պատասխանը, իսկ իրավապահ համակարգի բոլոր այն աշխատակիցները, ովքեր միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը, իշխանափոխությունից հետո անխուսափելիորեն կկանգնեն դատարանի առաջ»,- եզրափակել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուն։











