Վերջին մեկ տարում գտնվելով քաղաքական պայքարի կենտրոնում՝ ես անկեղծորեն հիացած ու զարմացած եմ Ազգային ժողովի ընդդիմադիր կին պատգամավորների ուժով, մեր կին լրագրողների տոկունությամբ, ինչպես նաև մեր թիմի կանանց նվիրվածությամբ, որոնց հսկայական ներուժը մենք պարտավոր ենք զարգացնել։ Այս մասին հունիսի 4-ին «3 հարց ապագա վարչապետին» խորագրի շրջանակում իր դստեր հետ զրույցում հայտարարել է տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Պատասխանելով երկրի կյանքին կանանց ակտիվ մասնակցությանը խոչընդոտող պատճառների մասին հարցին՝ նա ընդգծել է. «Թվում է՝ կանայք ավելի ճիշտ են տեսնում, թե ինչ է անհրաժեշտ հայ երեխային, հայ երիտասարդությանը, հայ ժողովրդին»։ Կարապետյանը նշել է, որ կուսակցությունը կանի հնարավոր ամեն ինչ հայ կնոջ հեղինակությունն ու դերը բարձրացնելու համար՝ հավելելով, որ անկեղծորեն կուրախանար մի օր Հայաստանի ղեկին տեսնել խիզախ ու հայրենասեր կնոջ։ Անդրադառնալով թվայնացման դարաշրջանում ազգային ինքնության պահպանման թեմային՝ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ժամանակակից տեխնոլոգիաներում գլոբալ սպառնալիք չի տեսնում հայկական մշակույթի համար՝ հավելելով. «Մշակույթը զարգացնելով՝ մենք կստանանք իսկական, ձևավորված էլիտա, որն այսօր ամբողջությամբ բացակայում է հայկական իրականությունում»։ Նա խորին երախտագիտություն է հայտնել մշակույթի այն գործիչներին, ովքեր այսօր անձնվիրաբար պայքարում են կործանարար միտումների դեմ և պաշտպանում ազգային ակունքները։ «Մենք պարտավոր ենք պահպանել և զարգացնել Ղարաբաղի մշակույթը»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ նշելով, որ դա նաև հայրենասիրություն է սերմանում երիտասարդների գիտակցության մեջ։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ուշադիր հետևի, թե ինչպես են առաջատար երկրները զարգացնում իրենց մշակույթը, և որոշակի փորձ փոխառի, սակայն գլխավոր ուղենիշը պետք է մնա սեփական ժողովրդին ծառայող, ճիշտ ու հայրենասիրական ժառանգությունը, քանի որ հենց մշակույթն է միշտ պահպանել հայի տեսակը։ «Բիզնեսում քեզ սովորաբար քննադատում են սեփական բացթողումներիդ համար, իսկ քաղաքականության մեջ ընդդիմախոսները քեզ քննադատում են այն բանի համար, ինչ իրենք չեն արել»,- հավելել է Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա ընդգծել է, որ հնչող մեղադրանքները համարում է ոչ թե կառուցողական քննադատություն, այլ նախընտրական զառանցանք, որը շատ շուտով ավարտվելու է։ Միևնույն ժամանակ, Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած գին վճարել հանուն գալիք սերնդի ապագայի։ Զրույցի վերջում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի դուստրը վստահություն է հայտնել, որ իրենց հաջորդ հարցազրույցը կկայանա արդեն այն ժամանակ, երբ Սամվել Կարապետյանը կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը։