Այսօրվա ամփոփիչ հանրահավաքն անցկացնելու որոշումն ընդունվել էր դեռևս մեկ ամիս առաջ։ հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա պարզաբանել է, որ հենց այդ պատճառով չի կարողանա մասնակցել նախընտրական գլխավոր բանավեճին, որին մասնակցում են քաղաքական ուժերի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները գլխավորող գործիչները։
«Հիմա ամբողջ թիմը սպասում է ինձ։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց եթե ես այսօր չգայի հանրահավաքին, ինչպիսի՞ն կլիներ հանրահավաքն առանց կուսակցության ղեկավարի։ Ընդ որում, բանավեճին իմ բացակայությունը չի ազդի ընտրությունների արդյունքներով մեր ստանալիք ձայների վրա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ «Պատմության մեջ նման բան չի եղել, որ ընտրությունների ֆոնին հասարակությանը վախեցնեն, բայց անհնար է իշխանությունը պահել վախի մթնոլորտում, իշխանությունների ոտքի տակից հողը գնում է։
Քարոզարշավի ընթացքում երկրում իրավիճակը բարդացել է, մեր դիրքերը՝ որպես երկիր, թուլացել են։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք չպետք է միջամտենք խոշոր տերությունների շահերի բախմանը, որպեսզի թակարդը չընկնենք։ Մենք այսօր թակարդում ենք, իսկ պանիրն այդ թակարդում Հայաստանն է։ Ինչո՞ւ պետք է մենք դառնանք կռվախնձոր, և ժողովուրդը դրանից ի՞նչ է շահելու։ Նա միայն կորցնելու է։
Իշխանությունները խոսում են խաղաղության մասին, բայց որտե՞ղ է թուղթը։ Կան միայն բանավոր պայմանավորվածություններ այն մասին, որ Հայաստանը պետք է զիջի և կատարի Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները»,- ընդգծել է նա։
Ծառուկյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները տնտեսական պատերազմ են սկսել Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի գործազրկության, աղքատության մակարդակի աճի և սնանկացման։
Նա վստահեցրել է, որ ոչ մի բանից չի վախենում և հետ չի կանգնի. «Հայաստանն իմ երկիրն է։ Ես իմ խոսքը կպահեմ։ Բացառված է, որ ես ընտրություններից հետո լքեմ երկիրը։
Թող իշխանությունները մտածեն, թե որտեղ են լինելու ընտրություններից հետո։ 8 տարվա ընթացքում նրանք հողեր են հանձնել, իսկ ժողովրդին դարձրել են տուգանքի նյութ՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ ֆոնին նրանք պարծենում են, թե Եվրոպա են ուղարկել մեկ բեռնատար։ Դա ո՞ր հարցն է լուծում, եթե օրական հազարներով այդպիսի բեռնատարներ պետք է ուղարկվեն։ Իսկ սպառման շուկան յուրացնելու համար 10 տարի է պահանջվելու»,- նշել է Ծառուկյանը։











