Ազատության հրապարակում ՕԵԿ-ի ամփոփիչ հանրահավաքում այսօր` մայիսի 4-ին, ելույթ ունեցավ միայն կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա հետ բեմահարթակ բարձրացան ՕԵԿ-ի համամամասնական ցուցակում առաջատար դիրքեր զբաղեցնող թեկնածուները` Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, Արմեն Երիցյան, Դավիթ Կարապետյան եւ այլք: Նախատեսված էին նաեւ նրանց ելույթները, սակայն Արթուր Բաղդասարյանի ելույթից հետո անձրեւ սկսվեց եւ նրանց ելույթները չեղյալ հայտարարվեցին:

Արթուր Բաղդասարյանն իր ելույթն սկսեց  «օրինաց, օրինաց» վանկարկումներով: Նա նշեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում ինքը 3 անգամ շրջել է Հայաստանի մարզերում, որի արդյունքում  ծնվել է ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը: Բաղդասարյանը խորհուրդ տվեց վաղը, մյուս օրը աշխատել ակտիվ, որպեսզի մայիսի 7-ին տոնեն իրենց հաղթանակը:

«Բոլորին եւս մեկ անգամ կոչ եմ անում քվեարկել ՕԵԿ-ի օգտին, զանգել բարեկամներին, ծանոթներին եւ  խնդրել քվեարկել ՕԵԿ-ի օգտին: Այսօր պաշտոնական քարոզարշավն ավարտվում է, վաղը լռության օր է, բայց դա չի նշանակում, որ հեռախոսները եւս պետք է լռեն»,- նկատեց Արթուր Բաղդասարյանը եւ հիշեց նաեւ մեծամասնական թեկնածուների օգտին քվեարկելու մասին: Նա հավաքվածներին բացատրեց նաեւ, թե ինչ է նշանակում ՕԵԿ-ի հաղթանակը: Ըստ նրա, ՕԵԿ-ի հաղթանակը նշանակում է ավանդների վերադարձի շարունակություն, անվճար կրթություն, կոմունալ կենցաղային վարձի վճարների ոլորտում բարեփոխումներ, անվճար առողջապահական համակարգ , մարզերի համաչափ զարգացում եւ այլն:

ՕԵԿ ղեկավարի փոխանցմամբ, այսօր գործազրկությունը գրոհել է պետությունը, մինչդեռ պետությունը պետք է գրոհի գործազրկության վրա: «ՕԵԿ-ը ազնիվ եւ ամուր ուժ է, հետեւաբար լուսավոր փոփոխություններ կբերի Հայաստանում: ՕԵԿ-ը մեծ քաղաքական ընտանիք է եւ այդ ընտանիքը պետք է հաղթի: ՕԵԿ-ի քվեները շատ են եւ բոլոր տեղամասերում պետք է տեր կանգնենք այդ քվեներին»,-նկատեց Արթուր Բաղդասարյանը:

«Մենք մարզերից մարդ չենք հրավիրել եւ, եթե կա, ապա շատ քիչ մասնակցություն ունեն, քանի որ բոլոր մարդիկ շատ ծանրաբեռնված աշխատում են: ՕԵԿ-ի քվեները ջիգիարով քվեներ են եւ այդ անկաշառ քվեների թիկունքում կանգնած է հայ ժողովուրդը»,- եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:

Նրա ելույթից հետո սկսվեց հորդառատ անձրեւ եւ ՕԵԿ վերնախավը հեռացավ: Ժողովրդի մի մասը ցրվեց, իսկ մյուս մասը մնաց համերգային կատարումները լսելու: