Հայկական կողմը ԵԱՏՄ հարցում լարվածությունը ոչ օբյեկտիվ է համարում, մենք ռուս գործընկերների հետ լարվածություն ստեղծելու մտադրություն չունենք, բացի այդ, մենք ասել ենք, որ Հայաստանն այս պահին իր առջև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարց չի դնում։ Դրա մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ և շարունակում ենք բարեփոխումները՝ ԵՄ-ի հետ էլ ավելի մերձեցման համար։ Այն փուլում, երբ հասկանանք, որ եկել է որոշում կայացնելու պահը, այդ հարցը կդրվի լայն հանրային քննարկման»,- ընդգծել է Կոստանյանը։

Նա հավելել է, որ առանց Հայաստանի համաձայնության՝ Միությանը նրա անդամակցության սառեցումն անհնար է, քանի որ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։

Կոստանյանը հայտնել է, որ ռուսական կողմի հետ հաստատված է մշտական երկխոսություն։ «Մենք կարծում ենք, որ բոլոր առկա խնդիրները կլուծվեն»,- հավելել է նա։

Կոստանյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին 52 միլիոն եվրո կհատկացնի՝ արտահանման դիվերսիֆիկացմանն աջակցելու համար։