Հայաստանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչները ժամը 8:00-ից տարածքային կառույցներից բազմաթիվ ահազանգեր են ստանում այն մասին, որ օրը մեկնարկել է իրավապահների հարձակումներով կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ. նրանց բերման են ենթարկում, ձերբակալում։ Այս մասին հունիսի 7-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Վաղ առավոտից տարածքային կառույցների ներկայացուցիչների, վստահված անձանց, շտաբների պատասխանատուների նկատմամբ համատարած հարձակումներ են սկսվել։

Մարզերում մեր գործընկերներին ու համակիրներին մտացածին մեղադրանքներով զանգվածաբար բերման են ենթարկում։

Այս իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ նման գործելաոճն ընդդիմության նկատմամբ ավանդական է դարձել ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բայց այն, որ անգամ ընտրության օրը կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ հալածանքները նման մասշտաբների են հասել, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Տարբեր ընտրատեղամասերից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, այդ թվում՝ ուղղորդված քվեարկության դեպքերի, ինչպես նաև քվեաթերթիկները դուրս հանելու փորձերի մասին։ Բացի այդ, ընտրատեղամասերի մոտ տեղադրված են տարբեր նախընտրական պաստառներ, ինչն օրենքի խախտում է։

Բացի այդ, ընտրատեղամասերի մոտ տեղադրված են երեք ընդդիմադիր ուժերի առաջնորդների պատկերով պաստառներ ու թերթիկներ՝ «սև քարոզչություն» իրականացնելու նպատակով։ Այս ամենի նպատակը ընտրական գործընթացը կաթվածահար անելն ու կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացմանը խոչընդոտելն է։

Մեր արագ արձագանքման խմբերը տեղեկություններ կհավաքեն խախտումների վերաբերյալ։ Քաղաքացիներին հորդորում եմ զանգահարել 010 600 601 հեռախոսահամարով, եթե խախտումներ նկատեն։ Այս ամենի դեմ գլխավոր հակաթույնը ընտրություններին ակտիվ մասնակցությունն է», - նշել է Տոնոյանը։