Հայաստանի իշխանությունները իրականացնում են տեղեկատվական ահաբեկչություն, չարաշահում են վարչական ռեսուրսը և օգտագործում են օրենքով արգելված քարոզչական մեթոդներ։ Կատարում են քրեորեն պատժելի գործողություններ, որոնք կստանան գնահատական, այդ թվում՝ իրավական։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
Դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ այսօր դաշինքը հանդես է եկել երկու հայտարարությամբ։ Քաղաքական գործիչը ընդգծել է, որ մինչև քվեարկության մեկնարկը և օրվա ընթացքում իշխող վարչակազմը լայնածավալ բռնաճնշումներ է իրականացնում ընդդիմության նկատմամբ՝ նախաձեռնելով խուզարկություններ շտաբներում և մարդկանց բերման ենթարկելով։ Նպատակն է սահմանափակել շտաբների գործունեությունը, ընդգծել է Սաղաթելյանը։ Որպես անհեթեթ օրինակ նա բերել է Գյումրիում տեղի ունեցած դեպքը. մեկ մարդու բերման են ենթարկել, տարել տարբեր իրավապահ կառույցներով, հետո ասել են, որ շփոթել են, ներողություն խնդրել և բաց թողել։ Խախտումների թվում քաղաքական գործիչը նշել է ընտրողներին ահաբեկելու փորձերը, ազատ կամարտահայտման վրա ճնշումը, «կարուսելները», դեպքերը, երբ ընտրողները գալիս են իրենց հետ ունենալով 16 համարի քվեաթերթիկով սեփական ծրարներ, կաշառքն ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից փող բաժանելը։
Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ անձնագրային բաժինները խոչընդոտներ են ստեղծում, հատկապես նրանց համար, ովքեր, լինելով ՀՀ քաղաքացիներ, գրանցում չունեն։ Նրանց ուղարկում են դատարաններ, իսկ վերջիններս կամ հրաժարվում են ընդունել դիմումները, կամ ձգձգում են։ Օրինակ՝ Հովսեփ Աբեդիի (Աբեդյան) դեպքը։ Արցախի հայերի մեծ մասը զրկված է քվեարկելու հնարավորությունից։ Առանձին դեպքերում ընտրական հանձնաժողովները չեն ընդունում ոստիկանությունից տրված տեղեկանքները և հրաժարվում են մարդկանց ներառել լրացուցիչ ցուցակներում։ Բազմաթիվ են բաց քվեարկության և ընտրողներին ուղղորդելու դեպքերը։ Համապատասխան հայտարարությունները ներկայացվել են դատախազություն և ԿԸՀ։ Նա հավելել է, որ Դեբեդավան համայնքում 2 քաղաքացու բերման են ենթարկել, մեկին մեղադրանք է առաջադրվել, երկրորդին բաց են թողել։ «Գյուղում ԱԱԾ-ի և հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբեր կան, որպեսզի «Հայաստան» դաշինքի աջակիցներին բերման ենթարկեն, երբ նրանք գնան քվեարկելու», - հայտնել է Մինասյանը։
Ագնեսա Խամոյանն առաջարկել է քաղաքացիներին չվիճել, երբ փորձում են իրենց ուղղորդել, բայց հիշել, որ խցիկում իրենք մենակ են, և ոչ ոք չի կարող վերահսկել, այնտեղ ոչ ոստիկանություն կա, ոչ տեսախցիկներ, դուք պարտավոր չեք որևէ մեկին հաշվետու լինել։
Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ խախտումների ծավալը կգնահատվի այն տեսանկյունից, թե դրանք ինչպես են անդրադարձել քվեարկության արդյունքների վրա։
Արծվիկ Մինասյանը դիմել է միջազգային դիտորդներին և հիշեցրել, որ իրենց նախազգուշացրել էին ենթադրվող խախտումների մասին, որոնք նրանք պետք է արձանագրեն։











