Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ժողովրդին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար: ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց ՀՀ-ին: Պետք է արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խոսքը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որոնք, ըստ նախնական ընտրությունների արդյունքների, նույնպես հաղթահարել են ընտրական շեմը – խմբ.) ջախջախված է: Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ՝ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և, իհարկե, սա է լինելու քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների և շատ վճռական ու հատուկ քայլերով: Ուզում եմ նաև շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ արձանագրած արդյունքի և հաղթանակի առթիվ», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում մեծամասնություն կկազմի և կձևավորի Կառավարություն:

«Առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք», - հավելել է վարչապետը։