Խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը և ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ երեկ Դատախազությունը առանց ԿԸՀ–ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, որը այս պահին դեռևս համարվում է պատգամավորի թեկնածու։
Մինչ այդ Հովակիմյանը նշել էր, որ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։
Այնուհետև հասկանալով, որ իր պատասխանով հարվածի տակ է դնում դատախազությանը, ԿԸՀ նախագահը փորձեց արդարացում գտնել տեղի ունեցածին՝ նշելով. «Ես տեսել եմ հաղորդագրությունը, երեկ չեն մեղադրանք առաջադրել։ Հաղորդագրությունում խոսվում էր ինչ-որ նախկին քրեական գործի մասին։ Ընտրական օրենսգիրքը պատգամավոր թեկնածուներին անձեռնմխելիություն է տալիս, եթե քրեական հետապնդումը ծագել է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ Եթե մինչ այդ եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, էդ լրիվ արդեն ուրիշ է։
Մեղադրանք առաջադրող գլխավոր դատախազություն է, գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրում։ Եթե դուք կարծում եք, որ Գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է յդպես կարծում, դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց ԿԸՀ–ի նախագահից պահանջել մեկնաբանել Գլխավոր դատախազության գործողությունները, մեղմ ասած ճիշտ չէ»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իսկապես ձայները այնպես հաշվարկը իրականացվի, որ ԲՀԿ–ն մտնի խորհրդարան, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ես նման նախնական գնահատական, չեմ կարող տալ, չեմ տա, մինչև ընդհանուր պրոցեսը չավարտվի, ընդհանուր գնահատական չավարտվի։ Իմ գնահատականը լինելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով»։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ երբ իշխանությունը տեսել է, որ ինքը 3/5–րդ չի ստանում, նվազեցրել են ԲՀԿ–ի ձայները, որ չանցնեն, ԿԸՀ նախագահը հակադարձեց. «Որտե՞ղ է նվազել։ Նախնական արդյունքները հրապարակվել են, բոլոր 2005 տեղամասերի քաղվածները, արձանագրությունները հրապարակվել են և որ տեղամասեևրի քաղվածքները մեզնից խնդրել են, մենք այդ հնարավորությունը տվել ենք, այսինքն ամեն ինչ թափանցիկ գնում է, ամբողջ գործընթացը տեսագրված է։ Հիմա վերահաշվարկը կրկին ուղիղ եթերում է իրականացվում։
ԲՀԿ–ի ձայները չեն պակասել, 4 տեղամասում սխալ մուտքագրում է արվել։ Արձանագրություններում ճիշտ թվերը գրված են։ Իրենք հենց մեր արձանագրություններից են իմացել, որ ոչ թե 1 ձայն է, այլ 77։ Եթե մեր արձանագրությունները չարտացոլեին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա։ Եթե եղել է սխալ մուտքագրում, դա շտկվելու է։ Եթե իրենք չհայտնաբերեին, մենք միևնույն է, ուղղելու էինք»։











