Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների հետ կապված 115 քրեական վարույթ։ Հարցաքննվել են հարյուրավոր անձինք։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Նրա խոսքով՝ 14 վարույթով քննությունն արդեն ավարտվել է, և գործերն ուղարկվել են դատարան։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ է կոմիտեն իմացել այն տեղեկությունների ու գաղտնալսումների մասին, որոնք շտապեց հրապարակել հենց ընտրությունների նախօրեին, Նահապետյանը հստակ պատասխան չի տվել։ Նա նշել է, որ փետրվարին օպերատիվ շտաբ է ստեղծվել, իսկ ձայնագրություններն արվել են մեկ ամիս, մի քանի շաբաթ կամ մեկ օր առաջ, ինչը, Նահապետյանի տրամաբանությամբ, էական չէ։ Իսկ տվյալների հրապարակումը նա կապել է քննության ընթացքի հետ։

Հարցին՝ արդյո՞ք ուսումնասիրվել են ընդդիմության ահազանգերը (օրինակ՝ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ)՝ Նահապետյանը հայտարարել է, որ այդ մասով փաստերը քննվում են Քննչական կոմիտեում։

Հետո պարզվել է, օպերատիվ տեղեկություններ են ստացվել բացառապես իշխող ուժի երեք գլխավոր մրցակիցների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ։ Կոմիտեի ղեկավարը կատարվածում որևէ կասկածելի բան չի տեսնում։ Կոմիտեում չկան տվյալներ նաև ենթադրյալ ընտրակաշառքի ընդհանուր չափերի մասին։ Նահապետյանը միայն փոքր-ինչ փակագծեր է բացել «ժամանած ձերբակալվածներից» մեկի քաղաքացիության վերաբերյալ՝ նշելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է։

Սակայն այն, ինչն իսկապես լուրջ մտահոգություն է առաջացնում, հետևյալ կատեգորիկ պնդումն է. մեղքն ապացուցելու համար բավարար է երրորդ անձանց կողմից տվյալ մարդու գործողությունների քննարկման ձայնագրությունը՝ առանց հենց իր ձայնի առկայության։ Համենայն դեպս, կոմիտեի նախագահը հենց այս համատեքստում է արտագահտվել Դավիթ Ղազինյանի գործի վերաբերյալ։ Նահապետյանին հիշեցրել են, որ Ղազինյանը խոսում է հավաքարարի ձայնագրության մոնտաժված լինելու մասին։ Ի պատասխան՝ կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ հենց Ղազինյանի ձայնի առկայության անհրաժեշտությունը չկա, և կան բազմաթիվ օրինակներ, երբ բավարար են (անուղղակի ապացույցները)։ Թե արդյոք այլ անձանց միջև քննարկումը կարող է դիտարկվել որպես այդպիսին, ակնհայտորեն կորոշի դատարանը։ Հարկ է նշել, որ նմանատիպ փաստարկներով առաջնորդվել են միայն ինկվիզիցիայի ժամանակներում։