«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հավաքագրում և մշակում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ հազարավոր ահազանգեր։

Ինչպես հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, հազարավոր հաղորդումներ են փոխանցվել հատուկ գործարկված թեժ գծին։ Մելոյանը քաղաքացիներին կոչ է արել շարունակել փոխանցել տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ անանունությունը երաշխավորվում է։ «Մենք վստահ ենք, որ գործի են դրվել որոշակի մեխանիզմներ, որոնք այժմ վերլուծում ենք։ Գաղտնիությունը երաշխավորված է, քանի որ մարդիկ վախեցած են», — նշել է Մելոյանը։ Նա հավելել է նաև, որ քաղաքացիներին ստիպել են քվեարկել հայտնի կուսակցություններից մեկի օգտին, լուսանկարել քվեաթերթիկները կամ դուրս բերել դրանք ընտրատեղամասից։ Բացի այդ, կան ահազանգեր, որ որոշ ընտրողներ տեղամաս են ներկայացել արդեն իսկ պատրաստի՝ 16 համարի քվեաթերթիկով։

Բացի այդ, ըստ Մելոյանի, ՆԳՆ-ն խոչընդոտել է քաղաքացիների իրավունքների իրացմանը՝ չտրամադրելով անհրաժեշտ տեղեկանքները։ Ընտրացուցակներում քաոսային վիճակ է եղել. մի շարք դեպքերում փոխվել են ընտրատեղամասերի հասցեները, սակայն բնակիչներին այդ մասին չեն տեղեկացրել։ Մելոյանը հիշեցրել է, որ բոլորը գիտեին հունիսի 7-ին նախատեսված ընտրությունների մասին, սակայն քաղաքապետարանը միևնույն է՝ հունիսի 5-7-ը նշանակել էր գինու փառատոնի օրեր։ «Մենք դիմեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ԿԸՀ-ն համաձայնեց մեզ հետ և դիմեց քաղաքապետարանին՝ ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Չնայած դրան՝ փողոցները միևնույն է փակվեցին, ինչի հետևանքով սահմանափակվեց այդ տարածքում գտնվող 10 ընտրատեղամասի մուտքը», — նշել է Մելոյանը։ Նա հավելել է, որ նման միջոցառումը ՔՊ-ի ավանդաբար ավելի քիչ ձայներ ստանալու վայրում անկացնելը, թերացում է, եթե ոչ՝ միտումնավոր քայլ։

Բացի այդ, մարզերում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) վստահված անձինք եղել են գյուղապետերն ու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) այլ աշխատակիցներ։ «Պատկերացնո՞ւմ եք, թե մարդիկ ինչպիսի հոգեբանական ճնշման են ենթարկվել. ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքային աշխատողը գալիս է ընտրատեղամաս, իսկ այնտեղ իշխանության վստահված անձը իր անմիջական ղեկավարն է։ Շատերը, հետագա խնդիրներից խուսափելու համար, պարզապես չեն գնացել ընտրությունների»,- նշել է նա։ Մելոյանի խոսքով՝ արձանագրվել են նաև ուղղորդման և ֆիզիկական ճնշումների դեպքեր, իսկ որոշ ընտրատեղամասերում 3 համարի քվեաթերթիկն ընդհանրապես բացակայել է։