Կառավարությունը սուբսիդավորում է ջերմոցային տնտեսությունների մաքսատուրքերի և տրանսպորտային ծախսերի զգալի մասը։ Այս մասին հունիսի 11-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Դրա շնորհիվ մեր արտադրանքն արդեն արտահանվում է Վրաստան, Ուկրաինա, Հունաստան, Ղազախստան և այլ երկրներ։ Այս գործընթացը շարունակական է լինելու, և մենք ավելի մեծ ծավալներ ենք ակնկալում։ Այստեղ որևէ սահմանափակում չկա․ որքան շատ արտահանեն, այնքան շատ կսուբսիդավորենք»,- վստահեցրել է Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Կառավարությունն այսօր արտահանման սուբսիդավորման ևս մեկ որոշում կընդունի, սակայն այս անգամ արդեն այլ արտադրանքի մասով։ Մասնավորապես, խոսքը բաց գրունտում աճեցված մրգերի և բանջարեղենի մասին է։ Նրա փոխանցմամբ՝ մաքսատուրքերի փոխհատուցումը կազմում է 8,5%-ից մինչև 14,5%։ Պաշտոնյան պնդել է, որ հայկական ապրանքների զգալի մասն իր որակով չի զիջում եվրոպական արտադրանքին, իսկ հիմնական խնդիրները կապված են լոգիստիկայի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորն» անորոշ ժամկետով սահմանափակել էր Հայաստանում արտադրված և այնտեղից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչու և ելակի ներկրումը։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել Ռուսաստան հայկական մրգի և բանջարեղենի մատակարարման ընթացքում խախտումների հաճախակիացման պատճառով՝ նպատակ ունենալով ապահովել ֆիտոսանիտարական անվտանգությունը։ Արդեն հունիսի 4-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել սուբսիդիաներ տրամադրել ջերմոցային բանջարեղեն, ծաղիկներ և ելակ արտահանողներին՝ այլընտրանքային շուկաներ դուրս գալու համար։











