Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր հարձակում է գործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին։
Հունիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Ծառուկյանին իբր առաջարկված ինչ-որ գործարքի մասին հարցին, Փաշինյանը վրդովված հայտարարել է, թե թող Ծառուկյանն ասի՝ ով ում է գործարք առաջարկել։ «Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք՝ ծնկաչոք այդ առաջարկին ընդառաջ կգար», - հայտարարել է Փաշինյանը։
Զարգացնելով միտքը՝ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում Ծառուկյանին ոչ մեկը գործարք չի առաջարկել, և նա «որբի պես ընկած աշխարհեաշխարհ» փնտրում էր մեկին, ով իրեն գործարք կառաջարկեր։ «Նրան հավաքագրել են, իսկ ինքը դրանից տեղյակ էլ չի», - կարծիք է հայտնել Փաշինյանը։ «Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան», - վստահություն է հայտնել վարչապետը։
Խոսելով ընդհանուր ընդդիմության մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ եթե նրանք փորձեն թպրտալ, նրանցից լավագույն դեպքում միայն ականջը կմնա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանի և Ծառուկյանի միջև բանավեճ էր ծավալվել լրտեսության, առյուծների ու վանդակների թեմայով։











