Մենք դիմում ենք ներկայացնում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, որից հետո կներկայացնենք ինչպես մեր հիմնավորումները, այնպես էլ իրավիճակի ընդհանուր տեսլականը։ Այս մասին հունիսի 12-ին ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով անցած ընտրական գործընթացում արձանագրված լայնածավալ խախտումները։ Նա ընդգծել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելը պարտադիր իրավական քայլ է, որպեսզի հետագայում ԿԸՀ-ն չկարողանա նման դիմումի բացակայության փաստն օգտագործել որպես փաստարկ Սահմանադրական դատարանում պաշտպանության համար։ Վարդևանյանը նշել է, որ հանձնաժողովը պարտավոր է մանրամասն քննել ներկայացված փաստաթուղթը՝ գնահատելով ոչ թե առանձին աբսուրդային միջադեպերը, այլ երկրում ընտրական մշակույթի համակարգային հետընթացը, որտեղ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականների ցուցանիշները նույնիսկ ավելի վատ են եղել, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ։
«Կմասնակցեին ավելի շատ, եթե երկրում չլիներ ատելության խոսքը, չլիներ այն ռեպրեսիվ մեքենայի իրացման մթնոլորտը, ավելին կլիներ մասնակցությունը»,– նշել է Արամ Վարդևանյանը։
Նա հատուկ ուշադրություն է հրավիրել աննախադեպ խախտումների վրա՝ ինչպես ամբողջ քարոզարշավի ընթացքում, այնպես էլ անմիջապես քվեարկության օրը, ներառյալ տվյալների մուտքագրման ժամանակ կատարված մանիպուլյացիաները։ Առանձին սուր թեմա Վարդևանյանը համարել է զինծառայողների ազատ կամարտահայտման համար պայմանների արհեստական պակասի ստեղծումը, որի ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները։ Փաստաբանը հիշեցրել է, որ օրենքով ժամը 20:00-ից հետո տեղամասերի դռները պետք է փակ լինեն, սակայն իշխանությունները միտումնավոր կազմակերպել են զինվորների տեղափոխումը այդ ժամից հետո։ Արամ Վարդևանյանն ամփոփել է, որ իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել ստանդարտ իրավական վեճերի շրջանակներից և պահանջում է քվեարկության արդյունքների պարտադիր վերանայում՝ հավելելով, որ դաշինքը կօգտագործի բոլոր իրավական մեխանիզմները կեղծված արդյունքները չեղարկելու համար։











