Երեւանում, այսօր` մայիսի 6-ին Բուզանդի փողոցոււմ թիվ 30 տանը բռնկված հրդեհի արդյունքում կա մեկ զոհ. տվյալ հասցեում ապրել են տարեց ամուսիններ: Կինը այդ պահին տանը չի եղել եւ դեռ չի այցելել դեպքի վայր: Իսկ հրդեհը բռնկվել է 15.20-ի սահմաններում, որից հետո հարեւանները նկատելով ծուխը անմիջապես զանգել են ԱԻՆ ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմել են հարեւաները:
ԱԻՆ ծառայության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել 45 րոպե ուշացումով: Հարեւանները պարբերաբար զանգել են ԱԻՆ ծառայությանը, որտեղից պատասխանել են, թե ուղարկել են: Հարեւաններից Աննա Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շտապօգնության մեքենան ավելի վաղ էր հասել դեպքի վայր, քան հրշեջ ծառայությունը: Հարեւանները նաեւ նշում են, որ սկզբում կրակը շատ թույլ է եղել եւ կրակը մեծ թափով բռնկվել է ԱԻՆ ծառայության աշխատակիցների ուշացման արդյունքում: Հրդեհի բռնկման պատճառները դեռ ճշտվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ում այսօր` մայիսի 6-ին, ահազանգ է ստացվել, որ Բուզանդի փողոցում թիվ 30 տանը ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն այրվող տնից դուրս են բերել 75 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի:
Ամենայն հավանականությամբ, նա տանտերն է, ով տանն այդ պահին մենակ է եղել:











