Մեր նպատակն է փոխել նպաստառուների հոգեբանությունը և օգնել աշխատունակ քաղաքացիներին անցնել արժանապատիվ աշխատանքի, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ապահովել իրենց ընտանիքները և պլանավորել ապագան։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ մանրամասնելով անապահովության գնահատման համակարգի լայնածավալ բարեփոխումը, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի երկրի ողջ տարածքում։ Քոչարյանը նշել է, որ միջազգային փորձագիտական ներուժի ներգրավմամբ մշակված նոր մոդելն արդեն փորձնական փուլ է անցել Կոտայքի և Սյունիքի մարզերում, որտեղ վճարումների միջին չափը նախկին 29 հազար դրամի համեմատ ավելացել է՝ հասնելով 56 հազար դրամի։

Պաշտոնյայի խոսքով՝ Կառավարությունը հավանություն է տվել մի շարք էական բարելավումների, որոնք հիմնված են փորձնական ծրագրի արդյունքների վրա։ Դրանք ներառում են գազի սպառման չափանիշների վերանայումը և հին վարկային պարտավորությունների գծով պայմանների մեղմացումը, որոնք նախկինում անհիմն կերպով զրկում էին կարիքավոր քաղաքացիներին պետական աջակցության իրավունքից։ «Մենք ամբողջությամբ վերացրել ենք կրթություն ստացող քաղաքացիների համար սահմանված տարիքային սահմանափակումը . այժմ, եթե մարդը ցանկացած տարիքում սովորում է կամ բարձրացնում է որակավորումը, նպաստի հաշվարկման բանաձևում նա չի դիտարկվում որպես պայմանական եկամուտ ունեցող աշխատունակ անձ»,- պարզաբանել է նա։ Քոչարյանը հավելել է, որ նմանատիպ մեղմացումներն առաջին վեց ամսվա համար գործում են նաև ժամկետային զինվորական ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած քաղաքացիների համար, որպեսզի նրանց ժամանակ տրվի հարմարվելու և աշխատանք փնտրելու համար։

Փոխնախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոր թվային համակարգն աշխատում է ավտոմատ ռեժիմով և ամբողջությամբ բացառում է մարդկային գործոնը։ Իսկ շահառուի աշխատանքի տեղավորվելու դեպքում պետությունը կշարունակի նպաստ վճարել ևս 12 ամիս՝ աշխատավայրում նրա կայունությունն ամրապնդելու համար։ «Հին՝ «Փարոս» համակարգից նորին անցումը կլինի աստիճանական։ Հերքում եմ նաև այն մտավախությունները, թե բազմազավակ ընտանիքները կարող են դուրս մնալ ծրագրից. անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար գործում են բարձրացված գործակիցներ, որոնց շնորհիվ նպաստի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 280 հազար դրամի»,- եզրափակել է Լուսինե Քոչարյանը։