Հայաստանում ձևավորվել է հարկերը կամավոր վճարելու մշակույթ. քաղաքացիները տեսնում են, որ իրենց վճարած հարկերն ուղղվում են հանրային ծառայությունների ընդլայնմանն ու բարելավմանը։ Այս մասին հունիսի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցի նախնական քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի հավաստմամբ՝ Հայաստանի քաղաքացիներն սկսել են ավելի շատ վստահել իշխանություններին, ընդ որում՝ հիմնականում այն պատճառով, որ իրենց վճարած հարկերը վերածվում են հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների բարելավման։ «Պետք է ոգևորությամբ արձանագրել, որ մեր երկրում հարկերը կամավոր վճարելու մշակույթը զարգացում է ապրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ են, որ իրենց վճարած հարկերն ուղղվում են իրենց մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ու որակի բարձրացմանը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ պետության և քաղաքացու հարաբերությունների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, իսկ մարդը՝ պետությունը։ «Մենք գործում ենք միասին՝ առաջնորդվելով հետևյալ բանաձևով. «պետությունը պետք է հզորացնի մարդուն, մարդը պետք է հզորացնի պետությունը»։ Եվ հունիսի 7-ին մեր օգտին տրված քվեները հենց այս տրամաբանության հաստատումն են»,- նշել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ պետությունն աշխատանքներ է տանում կայուն ու կանխատեսելի գործարար միջավայր ձևավորելու, ներդրումները պաշտպանելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև աշխատողների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Նախարարը նշել է, որ հարկերի հաշվին պետական բյուջե մուտքագրվող միջոցները պետք է ուղղվեն հանրային բարիքների ստեղծմանը՝ սոցիալական, պաշտպանական, առողջապահական, կրթական, գիտական, մշակութային, բնապահպանական և այլ ոլորտների խնդիրները լուծելու համար։

Նրա ձևակերպմամբ՝ միայն պետության միջոցով է հնարավոր ձևավորել հանրային ռեսուրսների մոբիլիզացման և ծախսման այնպիսի համակարգ, որը կապահովի անվտանգ միջավայր, պաշտպանունակություն, օրինականություն, մրցակցային ու գործարար միջավայր, ինչպես նաև հանրային այլ բարիքներ։

Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ հարկային բեռը պետք է արդարացիորեն բաշխվի տնտեսության տարբեր ճյուղերի, գործունեության տեսակների, հարկման համակարգերի և սոցիալական խմբերի միջև։

Իսկ եթե կիրառվում են օրենքով նախատեսված հարկային արտոնություններ, ապա դրանք պետք է համապատասխանեն Կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթություններին, տարածքային համաչափ զարգացման քաղաքականությանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությանը։

«Չկան արտոնյալ կարգավիճակ ունեցող անձինք, որոնք հնարավորություն ունեն գործարարությամբ զբաղվել՝ առանց հարկեր վճարելու, և դրանով իսկ անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել օրինապահ հարկ վճարողների հետ»,- վստահեցրել է պաշտոնյան։

Ֆինանսների նախարարը հավելել է, որ վերջին հինգ տարիների տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ։ «Վերջին հինգ տարիների թռիչքաձև տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, ինչի մասին է վկայում կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկան»,- եզրափակել է ֆինանսների նախարարը։