«Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հարցով։

Ինչպես հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է քաղաքական ուժի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն անցել են վախի մթնոլորտում և իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ։ Նա հիշեցրել է, որ «Միասնության թևեր»-ը չի ընդունել ընտրությունների արդյունքները, բողոքարկել է դրանք Երևանի բոլոր տեղամասերում և մի շարք մարզերում՝ պահանջելով ձայների վերահաշվարկ, իսկ որոշ վայրերում՝ կրկնակի քվեարկություն։ Դրմեյանն ընդգծել է, որ կուսակցությունն օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու է իր յուրաքանչյուր ընտրողի քվեն։

Սահմանադրական դատարան դիմելուց զատ, նախատեսվում են նաև իրավական այլ քայլեր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։ «Արդյունքները չեն արտացոլում ընտրողների կամքը, քանի որ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում։ Իշխող ուժը ներկայացնող ՏԻՄ ղեկավարների կողմից բազմաթիվ որոշումներ են կայացվել քաղաքացիներին գույքի անհատույց փոխանցման, հարկային բեռից ազատելու և աննախադեպ չափերի պարգևավճարների բաշխման վերաբերյալ»,- մանրամասնել է Լիպարիտ Դրմեյանը։

Որպես «ՔՊ»-ի կողմից իրականացված զանգվածային խախտումների կոնկրետ օրինակ՝ նա մատնանշել է կուսակցության 130 գրասենյակներից մեկի վարձակալության արժեքը։ «Պռոշյան գյուղում «ՔՊ»-ին գրասենյակը վարձով են տվել 20 հազար դրամով, մինչդեռ նույն փողոցում գտնվող «Միասնության թևեր»-ի գրասենյակն արժեցել է 10 անգամ թանկ։ Նույն պատկերն է նաև մնացած 129 տարածքների դեպքում։ Սա կարևոր է այն պատճառով, որ կուսակցությունների նախընտրական հիմնադրամը սահմանափակ է, և իրական ծախսերի նշումը կհանգեցներ իրավական հետևանքների՝ ընդհուպ մինչև «ՔՊ»-ի գրանցման չեղարկում։ Փաշինյանի կողմից թխվածքաբլիթներ բաժանելը նույնպես խախտում էր, քանի որ խոսքը սննդի մասին է»,- նշել է Դրմեյանը՝ հավելելով, որ ԵՄ միջոցները նույնպես ուղղվել են ընդդիմությանը ճնշելուն և իշխանությունների կողմից հիբրիդային գործիքների չարաշահմանը։ Նրա խոսքով՝ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով տարածվել են կեղծ տվյալներ, ինչին զուգահեռ երկրում հաստատվել է համատարած վախի մթնոլորտ։ «Միասնության թևեր»-ում կարծում են, որ այս ամենի համագումար արդյունքն էլ հենց ԿՀՎ-ի որոշման մեջ արտացոլված հայտնի արդյունքներն են, որոնք թվարկված պատճառներով պետք է անվավեր ճանաչվեն։

Արմեն Գալստյանն իր հերթին ընդգծել է, որ մանդատների բաշխման վերաբերյալ ԿՀՎ որոշումն ընդհանրապես անօրինական է, իսկ ամբողջ իրավիճակը՝ պարզապես աբսուրդային։

Լիպարիտ Դրմեյանը կոչ է արել ընտրությունների արդյունքներից դժգոխ բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ գործընթացին և դիմել Սահմանադրական դատարան՝ անկախ նրանից՝ դա կանեն առանձին, թե միասին։ Նրա կարծիքով՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը կուսակցությունների անձնական գործն է, բայց դա ոչ մի դեպքում չի խանգարում նրանց մասնակցել ՍԴ-ում ընթացող գործընթացին։