ԱԻՆ ճգնաժամային կենտրոնը հերքում է տեղեկությունները, թե իրենց հրշեջները ուշացումով են հասել Բյուզանդի-30 հասցեում հրդեհի վայր:
Նշենք, որ այսօր` մայիսի 6-ին, ժամը 15:20-ի սահմաններում Երեւանի Բյուզանդի 30 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների ծառայության ճգնաժամային կապի կենտրոնը երկու հրշեջ մեքենաներով:
ԱԻՆ փրկարար ծառայության հրդեհաշրջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբի ղեկավար կապիտան Սարգիս Ավետիսյանն այս առնչությամբ հայտնեց հետեւյալը. «Միանգամից դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Կանչի տեղ հասնելուն պես ԱԻՆ ծառայողները գնահատել են իրավիճակը 1 բիս բարդության հրդեհ: ԱԻՆ մարտական հաշվարկից անմիջապես 2-3 րոպե հետո դեպքի վայր է հասել հրդեհաշրջման կազմակերպման օպերատիվ խումբը իմ ղեկավարությամբ: 1 բիս կանչով հրդեհաշրջման աշխատանքները մասնակցում են 4 արտակարգ հաշվարկ: Հրդեհի առաջին տվյալները տեսնելու ժամանակ տեղի բնակիչների կողմից տարածվել է հաղորդագրություն, որ ներսում կա երկու բնակիչ: Հրշեջների հետախուզումից հետո պարզ է դարձել, որ ներսում կա մեկ հոգի: Վերջինս ծխախեղդ է եղել, ապա` այրվել: Դա 1937 թվականի ծնված Բաբկենն է: Այս պահին դիակը դուրս է բերվել: Տարվում է հետաքննություն»,- ասաց Ս. Ավետիսյանը:
«Հարեւանների այն պնդումը, թե հրշեջ ծառայողները ուշացել են ավելի քան 40 րոպե, կապիտան Ավետիսյանը ժխտեց. «Հրշեջները կանչը ստացել են ժամը 15:23: 15:25 րոպեին արդեն մեքենաները դուրս են եկել եւ մոտ 15:40 եղել դեպքի վայրում: Այդ մի քանի րոպեների ուշացման պատճառը խցանումն էր: 15:42 կանչի վայր է հասել օպերատիվ խումբը, որը եկել է երկաթգծի կայարանի մոտից: Սկզբից մեզ հասցեն սխալ էին ասել, տրված է եղել Բյուզանդի 26: Հրշեջները չեն գտել:
Հիմա կատարվում են քանդման աշխատանքները, քանի որ շենքը հին է, տանիքը առաստաղը ամբողջովին գերան է, վրան` լցված է ծղոտ: Եվ հնարավոր է, որ դրա մեջ դեռեւս կրակ լինի: Հետագա հրդեհից խուսափելու համար կատարվում են քանդման աշխատանքներ»,-հայտարարել է նա:
ԱԻՆ կապիտան Ս. Ավետիսյանի զրույցը լրագրողների հետ ընդհատեցին վրդոված հարեւանուհիները: Աննա Մուրադյանը մեղադրեց ԱԻՆ ծառայողներին. «Եթե չուշանայիք, զոհ չէր լինի: Զանգողներից մեկը ես եմ եղել, զանգել եմ 15:29-ին: Բյուզանդ 30-ը, 26-ը նույն փողոցի վրա է: Նրանք հասցեն չէին իմանում: Ինձ ասում են` ինչպե՞ս գտնենք փողոցը: Մարդուն վառել են վերջացրել են, նոր փորձում են հասցեն ճշտեն: Մարդու կյանքի հետ խաղացին»:
Կապիտան Ավետիսյանը փորձեց հանգստացնել կնոջը: Իսկ ԱԻՆ ծառայության աշխատակիցներից մեկն էլ հարեւանուհուն հորդորեց փրկարարներին մեղադրելու փոխարեն, ժամանակին ուշադիր լինեին Բաբկեն պապու հանդեպ, որ տանը միայնակ չմնար:











