Ցավոք սրտի, այս պահին դեռևս որևէ նորություն չունենք։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 15–ին, 13 և 7 տարեկան քույրերի ենթադրաբար Փամբակ գետն ընկնելու դեպքին։

«Ցավոք սրտի, այս պահին դեռևս չունենք այնպիսի տվյալ, որը իրավունք կտա, որպեսզի ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն տանք, որ այս հատվածում կամ այն հատվածում ինչ–որ բան է հայտնաբերվել։ Այս պահին ոչ մի նշուլ չունենք»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։

Այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։