Եթե ես անձամբ չմասնակցեի, մեր ընդդիմադիր ուժերը, թող չնեղանան, բայց արդեն կամաց-կամաց սպառում էին իրենց, իսկ մեր հայտնվելը նոր շունչ տվեց պայքարին և օգնեց ընդդիմությանը համառորեն առաջ շարժվել։ Այս մասին հայաստանյան առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով մեկ տարի առաջ իր դեմ սկսված հալածանքներին՝ Կարապետյանն ընդգծել է, որ սկզբնական շրջանում նման մասշտաբային քաղաքական գործընթացներ մտնելու նպատակ չի ունեցել։ Ամեն ինչ, ըստ նրա, փոխվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ գործող իշխանությունները ոչ մի բանի առաջ չեն կանգնելու։ Ինչպես նշել է ընդդիմադիր գործիչը՝ չնայած ձերբակալություններին ու կալանքներին՝ թիմի վճռականությունը մինչև վերջ գնալու պատվի խնդիր է դարձել բոլոր այն համախոհների համար, որոնք գիտակցել են երկրին սպառնացող վտանգի ողջ լրջությունը։
«Իրականում ես անկեղծ պատճառներով էի եկել, և անկախ նրանից՝ այդ պահին ինձ կմոտենային, թե ոչ, միևնույն է, պատրաստվում էի հանդես գալ մեր եկեղեցու պաշտպանության հայտարարությամբ. պարզապես դեռ չէի կողմնորոշվել ձևաչափի հարցում»,— պարզաբանել է նա։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի համոզմամբ՝ ընդդիմադիր դաշինքը հաջողության հասնելու հսկայական շանսեր ուներ, և հենց այդ պատճառով էլ իշխանությունները ստիպված են եղել դիմել համատարած կեղծիքների՝ նրանց հաղթանակը թույլ չտալու համար։ «Մենք կանգնած ենք մեծագույն վտանգի առաջ, որը գուցե շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է։ Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ իմ ներկայությունը օգնեց սթափեցնել ընդդիմությանը՝ ավելի համառ պայքար մղելու համար»,— հավելել է Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով անցած ընտրությունների արդյունքներին՝ ընդդիմադիր գործիչը հերքել է շրջանառվող այն թեզերը, թե ինչու են քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ «Ռուսաստանից հատուկ ժամանած հարուստ հայերի» մասին պնդումը որակելով որպես իշխանության կոորդինացված քարոզչություն։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանից ժամանումների վիճակագրությունը որևէ անոմալ փոփոխություն չի արձանագրել, իսկ իր ընկերների ու համակիրների գալուստը բացառապես նրանց անձնական նախաձեռնությունն էր և առաջին իսկ օրերից հանրահավաքներին աջակցելու անկեղծ ցանկությունը։ Կարապետյանը հավելել է, որ իշխանությունն իր ուժին երեք հիմնական տեղեկատվական հարված է հասցրել, այդ թվում՝ վերահսկվող մեդիառեսուրսներով ակտիվորեն տարածելով այն կեղծ թեզը, թե իբր «Ուժեղ Հայաստանը» ձայներ է հավաքում նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի համար։
«Երբ մենք հայտարարեցինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին, բացարձակապես որևէ մեդիառեսուրս չունեինք, հույսներս դրել էինք միայն հայրենասեր լրագրողների վրա, և չորս ամսվա ընթացքում ֆիզիկապես չէինք կարող հասցնել շրջել բոլոր գյուղերով»,— նշել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ նույնիսկ անձնական բարձր վարկանիշի պայմաններում երիտասարդ քաղաքական ուժի ճանաչելիությունը ընտրությունների պահին կազմել է մոտ 80%։ «Մենք մեր 80%-ով պայքարում էինք իշխող կուսակցության 93% ճանաչելիության և նրանց ողջ մեդիառեսուրսի դեմ, որին ի հավելումն՝ նրանք գործի դրեցին նաև ընտրողների ենթադրյալ կաշառումը»,— եզրափակել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։











