Ռուսաստանում ընդդիմության ակտիվիստները հայտնում են, որ մայիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում «Միլիոնների երթից» հետո մայրաքաղաքի տարբեր ՆԳ-ի բաժանմունքներ են բերվել 650 մարդ: Ձերբակալվածների մի մասն արդեն բաց է թողնվել, մյուսները դեռեւս գտնվում են բաժանմունքներում:
Մայիսի 6-ի երեկոյան իրավապահ մարմինները հայտնել էին «Միլիոնների երթում» մոտավորապես 450 ձերբակալվածների մասին: Նրանց շարքում էին նաեւ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը, որը ներկայումս տեղափոխվել է հիվանդանոց, Ալեքսեյ Նավալնին, որին երկուշաբթի առավոտյան տեղափոխելու են հաշտարար դատարան, Բորիս Նեմցովը, որը տուգանվել է 1 հազար ռուբլով եւ այլք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում կիրակի օրը բախման հետեւանքով տուժել են 17 ընդդիմադիրներ եւ շուրջ 20 ոստիկաններ: Բժիշկները նշել են, որ վիրավորների մոտ հիմնականում քերծվածքներ են եղել, մի քանիսի մոտ կտրված վերքեր են հայտնաբերվել, հաղորդում է «Ռոսբալտը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով Մոսկվայի ոստիկանությանը, ճշտում է, որ «Միլիոնների երթ» -ում տուժել են իրավապահ մարմինների 29 աշխատակիցներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am -ը, Մոսկվայում մայիսի 6-ին տեղի ունեցած ռուսական ընդդիմության «Միլիոնների երթ» ակցիան ավարտվել էր զանգվածային հրմշտոցով, կռվով եւ ձերբակալություններով: Բոլոտնայայում նախատեսված հանրահավաքն այդպես էլ տեղի չունեցավ, ոստիկաննեի եւ բողոքողների միջեւ բազմաթիվ բախումներ տեղի ունեցան, որոնք ավարտվեցին ցուցարարներին ցրելով եւ զանգվածային ձերբակալություններով:











