Հայաստանի ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու համար քաղաքական ներուժ չունեն։ Այս մասին հունիսի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերը միավորելու և փողոցային պայքար սկսելու մասին հայտարարությունները։

Մասնավորապես, նա հիշեցրել է Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը համատեղ հանրահավաք կհրավիրեն, որը պետք է ավարտվի արդյունքով։

Հարցին պատասխանելով՝ Հովհաննիսյանը քննադատել է Կարապետյանի ձևակերպումները և նշել. «Այն, որ նա քաղաքացիներին «գլուխներ» է անվանում, խոսում է մարդկանց նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։ Եթե մարդիկ շրջել են, փող են բաժանել և հենց այդ կերպ հիմնականում ձայներ ստացել, ապա ուրիշ ինչպե՞ս պետք է նա խոսի սեփական ընտրողների մասին»։

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգն ի վիճակի չէ Հայաստանի քաղաքացիներին միավորել փողոցային պայքարի շուրջ։ «Ինչի՞ համար մարդը պետք է կանգնի։ Հայաստանի քաղաքացիները պետք է հանդես գան Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի համա՞ր։ Կարծում եմ՝ նրանք որևէ ներուժ չունեն։ Այստեղ բովանդակության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է», - նշել է իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Նա նաև հավաստիացրել է, որ ընդդիմադիր ուժերն արդեն վաղուց գործում են միասին։ «Շատ պարզ է, թե ում հետ գործ ունենք։ «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ջախջախվել է և նոր խորհրդարանում կրկին ջախջախվելու է», - հավելել է Արթուր Հովհաննիսյանը։