Արմավիրի մարզի Արշալույս համայնքում լոլիկի մեծ մասը շարունակում է մնալ ջերմոցում, քանի որ իրացման հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Ջերմոցատեր Միքայել Կիրակոսյանի խոսքով՝ վերջին ամիսներին ոլորտում ստեղծված խնդիրները գյուղատնտեսական աշխատանքը դարձրել են գրեթե անշահավետ։

 Շուկայում լոլիկի գինը տատանվում է 80-100 դրամի սահմաններում, ինչը չի բավարարում անգամ արտադրության հիմնական ծախսերը հոգալու համար։ «Մեքենայի ծախս կա, աշխատողին աշխատավարձ պիտի տանք, պարտանյութերը շատ թանկ են։ Այս գներով բերքը վաճառելով՝ նույնիսկ ծախսերը չենք կարողանում հոգալ»,- ասում է նա։

Ջերմոցատիրոջ խոսքով՝ շուրջ 2000 քառակուսի մետր մակերես ունեցող իր ջերմոցից ակնկալում էր ստացված եկամուտներով մարել նաև վարկային պարտավորությունները, սակայն չի կարողացել։

Նա թերահավատությամբ է վերաբերվում Էկոնոմիկայի նախարարության հրապարակած արտահանման ցուցանիշներին։ Ըստ նախարար Գևորգ Պապոյանի՝ միայն հունիսի 19-21-ն արտահանվել է 76 տոննա լոլիկ, սակայն փոքր ջերմոցատիրոջ համոզմամբ՝ եթե արտահանման ծավալներն իսկապես այդքան մեծ լինեին, ներքին շուկայում գները զգալիորեն բարձր կլինեին։ Կիրակոսյանի խոսքով՝ կառավարության կողմից իրականացվող քայլերից հիմնականում օգտվում են խոշոր արտահանողները, մինչդեռ փոքր արտադրողները շարունակում են մնալ նույն խնդիրների առաջ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ ոչ մի արտահանող ընկերություն իրեն չի առաջարկել արտադրանքը եվրոպական շուկաներ արտահանելու նպատակով ձեռք բերել։ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո, ինչպես շատ այլ ջերմոցատերեր, նա նույնպես նոր շուկաների որոնման և պետական աջակցության անհրաժեշտություն է տեսնում։ Սակայն առայժմ իրավիճակը չի փոխվել, և ֆերմերները ստիպված են աշխատել վնասով։ «Այս տարի նույնիսկ երկրորդ բերք չեմ պատվիրել։ Եթե առաջինն էլ չի վաճառվում, նոր արտադրություն սկսելը ռիսկային է»,- նշում է նա։

Ֆերմերը պատմում է, որ որոշ դեպքերում բերքի հավաքումն անգամ անիմաստ է դառնում։ Նրա խոսքով՝ աշխատողներ վարձելու դեպքում ծախսերը կարող են գերազանցել հնարավոր եկամուտը, ինչի պատճառով լոլիկի մի մասը մնում է թփերի վրա։

Նրա խոսքով՝ շուկայում հաճախ վաճառվում է արտասահմանից ներկրված ավելի էժան լոլիկ, ինչը լրացուցիչ մրցակցային ճնշում է ստեղծում տեղական արտադրողների համար։ Չնայած դժվարություններին՝ նա շարունակում է հույս ունենալ, որ արտահանման գործընթացը կկարգավորվի, իսկ գները՝ կկայունանան։