Երևանում տեղի է ունեցել ամփոփիչ միջոցառում՝ նվիրված Կանադա-Եվրասիական առևտրային պալատի (CECTE) առաջին տարեդարձին, որը դարձել է կարևոր հարթակ բիզնեսի, ներդրումների, առևտրի, կրթության և նորարարությունների ոլորտներում Հայաստանի, Կանադայի և Եվրասիայի միջև համագործակցության համար։
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները։ Նա ընդգծել է, որ առևտրատնտեսական կապերի ամրապնդումն ուղղակիորեն խթանում է երկրների միջև քաղաքական հետաքրքրությունը, և առանձնացրել է պալատի դերը փոխադարձ գործարար պատվիրակությունների կազմակերպման ու առևտրային պայմանագրերի կնքման գործում։
CECTE-ի գլխավոր քարտուղար Արշակ Խուդավերդյանն իր զեկույցում նշել է, որ պալատին արդեն միացել են ավելի քան 40 կազմակերպություններ տնտեսության 10 ոլորտներից, իսկ գործընկեր են դարձել ավելի քան 15 ընկերություններ։ Մեկ տարվա ընթացքում անցկացվել է 5 խոշոր միջոցառում և ավելի քան 20 ուղիղ գործարար հանդիպում։ Տարվա առանցքային ձեռքբերումների թվում են համատեղ նախագծերը հանքարդյունաբերության, կրթության, բժշկության, ՏՏ ոլորտներում և ավելի քան 50 անուն կանադական ապրանքների ներմուծման մեկնարկը հայաստանյան շուկա։
Հանդիպման շրջանակում ելույթ են ունեցել նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Տեղի է ունեցել նաև հավաստագրերի հանձնման արարողություն այն առանցքային գործընկերներին ու ընկերություններին, որոնք նշանակալի ավանդ են ներդրել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։











