Իրավապահների օպերացիոն տևեց մոտ 2.5 ժամ, ման էին գալիս զենք, զինամթերք, ըստ երևույթին, ֆլեշկեք, չիպեր, տետրեր, թղթեր, փաստաթղթեր և ընդամենը հայտնաբերեցին մեկ նոթատետր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր իր բնակարանի ու ավտոմեքենայի խուզարկությանը։
«Հավաքեցին բոլոր հեռախոսները, ընդհուպ նաև անչափահաս երեխաների, կնոջս հեռախոսը։ Ես իրենց ասեցի՝ տղերք յուրաքանչյուր գործ իր կանոններն ունի, իմ հեռախոսը տանում եք, ձեզ լինի, բայց կնոջ հեռախոս վերցնելով մի հոծ կարմիր գիծ եք անցնում։ Ես զգուշացրեցի, որ դա դա սրբության ոտնահարում է, որ հայ տղուն սազական բան չի։ Բոլոր հեռախոսները տարան։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել»,–ասաց նա։
Կարեն Սիմոնյանը այսօր տեղի ունեցածը կապեց Գյումրու ավագանու կայանալիք նիստի հետ, որն այսօր չեղարկվեց. «Ես այսօր խոսք ունեի ասելու, ելույթ ունեի և չկարողացա։ Մեր ընտանիքում որևիցե բան չեն էլ կարող հայտնաբերել, որովհետև մենք մեծացել ենք գյումրեցու աչքերի առաջ։ Որպես բանվոր տարիներ շարունակ աշխատել եմ յուրաքանչյուր խանութի հետ և անձնապես բոլոր ինձ ճանաչում են, գիտեն որ բացի սպորտից, կրթությունից, մշակույթից և ազգային ոգին բարձրացնելուց, ես որևիցե այլ հակումներ չունեմ։ Ինչքան էլ փորձեն պիտակավորել, վերջին երկու օրվա պատկերը ցույց տվեց, որ հակառակ ռեակցիան է տալիս, երբ իշխանությունը ինձ թիրախավորում է, միանգամից մեր համախոհներն ավելի շատանում են և իրենց քարկոծողները հնգապատկվում են։ Թող շարունակեն այս գործելաոճը»,–ասաց Կարեն Սիմոնյանը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից այս առնչությամբ հայտնեցին, որ խուզարկություններ են իրականացվում «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու է, նախօրեին իրավապահները հերթական ձայնագրությունն էին հրապարակել` իբրև նրա մասնակցությամբ։
Հավելենք, որ հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։











