Երեկոյան ճաշ էի պատրաստում, գազի բալոնը միանգամից տրաքեց, ծածկոց գցեցի կրակի վրա ավելի թեժացավ հրդեհը։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց Վարդաշեն 66/1 շենքի բնակիչ Ժաննա Գաձյանը, ում բնակարանում նախօրեին պայթյուն էր տեղի ունեցել։
Ժաննա Գաձյանը պատմեց, որ հրդեհի բռնկման ժամանակ իրեն օգնության է հասել, հարևանությամբ բնակվող դուստրը, սակայն նրանց չի հաջողվել կրակը մարել։ Հրշեջ–փրկարար ծառայություն զանգահարելուց հետո շենքի բնակիչները տարհանվել են։
«Շքամուտքի 4 բնակարան հրդեհից հոսանքազրկվել են, հալվել է կոյուղատար խողովակները, տան ամբողջ գույքը մոխրացել է, աղջկաս տանը պետք է ապրեմ մինչև տեսնենք թաղապետարանը ինչ կորոշի»,– ասաց տիկին Ժաննան։
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թաղապետարանի աշխատակիցների կողմից կատարվել է հրդեհված բնակարանի գույքի վնասի չափի գնահատում։
«Քաղաքապետի նախաձեռնությամբ Վարդաշենի վթարային հանրակացարանի բնակիչների բնակարանային խնդրի գործընթացն ակտիվ փուլում է, և մոտ ապագայում բնակիչները կամ կապահովվեն նոր բնակարաններով, կամ կստանան համարժեք փոխհատուցում»,– ասաց Հակոբ Բալայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











