ՔՊ–ն որպես երրորդ կողմ ներգրավված է այս գործում, որովհետեւ ինչպես արձանագրվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ, այս որոշումը անմիջականորեն առնչվելու է ՔՊ շահերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ–ական Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ 7 քաղաքական ուժերը այս գործում ներգրավված են որպես դիմումատուներ։
«Մյուս ուժերն էլ կարող էին համապատասխան կարգով Սահմանադրական դատարանի մասին օրենքի, դիմում ներկայացնել, եթե ցանկանում էին ներգրավել, ինչքան գիտեմ չեն ներկայացրել
Որպես խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած և իշխանություն կազմած կուսակցություն, մեր շահերին առնչվում է այն գործը, որով հայցվում է այդ որոշումը, որի հիման վրա արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, անվավեր ճանաչել»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՔՊ վարչության որոշումը, որով ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. ««Ես չեմ կարծում, որ իմ գնահատականի կարիքը այստեղ կա։ Ընդհանուր, թե պարոն Ռուբինյանը, թե պարոն Սիմոնյանը, մեր գործընկերներն են, ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը անցած հինգ տարիների ընթացքում փայլուն աշխատանք է կատարել որպես Ազգային ժողովի նախագահ։ Կարծում եմ նաև և վստահ եմ, որ պարոն Ռուբինյանը նույնպես շատ բարձր մակարդակի Ազգային ժողովի նախագահ կլինի՝ ԱԺ կողմից ընտրվելուց հետո»։
Նշենք, որ Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում քննարկում է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։ ՔՊ–ն ներգրավված է որպես երրորդ կողմ։
Այստեղ են բերվել ոստիկանական ուժեր։
Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր ժամը 17:00-ին «ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների»։











