«Ալ-Կաիդան» հրապարակել է տեսագրություն, որում նկարահանված է Պակիստանում իրենց կողմից պատանդ վերցված ԱՄՆ քաղաքացի Ուորեն Ուայնշթեյնը: Տեսագրության մեջ ամերիկացին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրում է կատարել գրոհայինների պահանջը` իր կյանքը փրկելու համար:

«Իմ կյանքը ձեր ձեռքերում է, պարոն նախագահ: Եթե դուք ընդունեք պայմանները, ես կապրեմ: Եթե դուք չընդունեք պահանջները, ես կվախճանվեմ», - հայտարարել է 70-ամյա ամերիկացին: Նա նաեւ հայտարարել էր, որ իր  առեւանգիչներից ստանում է  «իր բոլոր դեղորայքները»,  եւ իրեն լավ է զգում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ուայնշթեյնին գերի էին վերցրել 2011 թվականի օգոստոսին Լահորում: Սեպտեմբերին Այմին ազ-Զավահիրին, որը Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո դարձել էր «Ալ Կաիդա» ցանցի ղեկավար, հայտարարել էր, որ Ուայնշթեյնը կազատվի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի օդից հարվածները Աֆղանստանի, Պակիստանի, Սոմալիի եւ Եմենի գրոհայինների կայանների նկատմամբ: