Հայաստանում իշխանության եկած մարդիկ հովանավորվել են «գլոբալ Արևմուտքի» կողմից։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ինդոնեզիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ նրանց խնդիրն է ապահովել հիշյալ «գլոբալ Արևմուտքի» ծրագրերի իրագործումը։ «Հայաստանի գործող իշխանությունների ոչ մի քայլ պատահական չէ։ Նրանց հեռավոր թիրախը, անշուշտ, Չինաստանն է, բայց առաջնահերթ թիրախները Ռուսաստանն ու Իրանն են»,- նշել է Աղաջանյանը։

Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի և Հայաստանի իշխանությունների նպատակն աշխարհում սեփական գերիշխանության պահպանումն ու «ռեսուրսային բազայի» վերահսկումն է։ Դիվանագետի ձևակերպմամբ՝ Մոսկվան սկզբում շատ զուսպ էր վերաբերվում պաշտոնական Երևանի քայլերին՝ տեղի իշխանավորներին համարելով «անճարակներ»։ Սակայն հետագայում Մոսկվան սթափվեց՝ հասկանալով, որ Երևանը պարզապես ժամանակ է ձգում հայկական տնտեսությունը վերաձևափոխելու և Ռուսաստանի Դաշնության շահերին հարվածելու համար։ «Հայաստանի իշխանությունները, փաստորեն, ական են դնում Ռուսաստանի տակ՝ վտանգելով ինչպես հենց այդ երկիրը, այնպես էլ այն կառույցները, որոնցում նա առաջատար ուժ է»,- համոզված է նախկին դեսպանը։