Հայաստանում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացիները պետք է պարտադիր կերպով կրկնակի բժշկական զննություն անցնեն։ Այս մասին հուլիսի 1-ին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ օրինագծի՝ կրկնակի փորձաքննություն կարող է նշանակվել բացառապես քրեական վարույթի շրջանակում։ «Լինում են դեպքեր, երբ մարդիկ ծառայությունից կամ վարժական հավաքներից ազատվում են կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Ենթադրենք՝ իրավապահ մարմիններն այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստանում և քրեական գործ հարուցում։ Քաղաքացուն առաջարկում են նորից բժշկական զննություն անցնել, սակայն նրա հրաժարվելու դեպքում իրավապահներն չունեն անհրաժեշտ գործիքակազմ՝ նրան պարտավորեցնելու համար»,- պարզաբանել է Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ներկայացված օրինագիծը վերացնում է այս բացը։ Այսպես՝ կրկնակի զննությունից կամ անհրաժեշտ անալիզներ հանձնելուց հրաժարվելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։ Բացի այդ, եթե քրեական վարույթ նախաձեռնվի բժշկի նկատմամբ՝ զինվորական ծառայությունից ազատման բժշկական եզրակացություններ տալու համար կաշառք ստանալու կասկածանքով, ապա քննությունը հնարավորություն կունենա կրկնակի փորձաքննության ուղարկել բոլոր այն քաղաքացիներին, ում այդ բժիշկը տեղեկանք է տրամադրել։