Կապանի միջազգային երաժշտական փառատոնն արդեն 4-րդ տարին կհամախմբի աշխարհահռչակ երաժիշտներին, երիտասարդ տաղանդներին ու որակյալ երաժշտություն նախընտրող հանդիսատեսին: Հուլիսի 4-ից 14-ը Կապանը կապրի երաժշտության ռիթմով՝ համերգներ, ջազային երեկոներ, վարպետության դասեր և տասնօրյա մշակութային տոն, որը յուրաքանչյուր մասնակցի համար դառնում է ջերմ հիշողություն ամբողջ կյանքի համար։
Մինչ Կապանում կհնչեն առաջին նոտաները, փառատոնի 55 մասնակիցներն արդեն հավաքվել են Նարեկացի արվեստի միությունում։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները ծանոթանում են ծրագրին, կանոններին և առաջիկա տասն օրվա հագեցած օրակարգին։
Շատերի համար սա առաջին հանդիպումն է «Կապան Ֆեստի» հետ, իսկ նրանք, ովքեր մեկ անգամ արդեն ապրել են փառատոնի մթնոլորտը, վերադարձել են առանց երկմտելու։ Ասում են՝ այստեղ ձեռք են բերում ոչ միայն նոր մասնագիտական գիտելիք ու բեմական փորձ, այլև ընկերներ ու հիշողություններ, որոնք մնում են տարիներով։
Փառատոնի առանցքային բաղադրիչներից մեկը կրկին կլինի Կապան Ֆեստ Ակադեմիան, որտեղ աշխարհի 16 երկրներից ժամանած հանրահայտ երաժիշտները կհանդիպեն երիտասարդ մասնակիցների հետ՝ ոչ միայն վարպետության դասերի, այլև համատեղ համերգների շրջանակում՝ նրանց հետ ներկայանալով նույն բեմում.
Կամերային երաժշտության համերգներից բացի փառատոնի շրջանակում սպասվում են նաև այլ միջոցառումներ՝ օրինակ «Վիեննական երեկոն», որի շրջանակում մասնակիցներն ու հյուրերը կզգան հեքիաթային դիմակահանդեսի շունչը: Հատուկ երեկո է նախատեսված նաև ջազ երաժշտության համար։
«Կապան Ֆեստը», որն այս տարիներին կարևոր ներդրում է ունեցել երիտասարդ երաժիշտների զարգացման գործում՝ վարպետության դասերից մինչեւ կրթաթոշակներ, նախաձեռնել է նաեւ երիտասարդ երաժիշտներից կազմված Կապանի նվագախմբի ստեղծումը։
«Կապան Ֆեստն» անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայաստանում Բելգիայի և Դանիայի դեսպանատների, և այլ անհատների եւ կազմակերպությունների աջակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում











