Յուրաքանչյուր մեծ ճանապարհ սկսվում է մեկ քայլից: Յուրաքանչյուր մեծ պատմություն՝ մեկ մտքից: Իսկ յուրաքանչյուր խոստում` մեկ որոշումից։ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի ունեցավ «Խոստում» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Սա երկարաժամկետ նախագիծ է, որի նպատակն է ստեղծել ազգային և հոգևոր բացառիկ արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ՝ միավորելով հայերին աշխարհի տարբեր ծայրերում իրենց հավատքի, պատմության, մշակույթի և արմատների շուրջ։
Հանդիսավոր երեկոյին ներկա էին պետական, հոգևոր, հասարակական և գործարար ոլորտների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև նախաձեռնության աջակիցներն ու գործընկերները։ Միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեց նախագծի գաղափարախոսությունը, ստեղծման պատմությունը, «Խոստում» խաչերի բացառիկ հավաքածուն, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու տեսլականը։
Ի տարբերություն երկարատև քննարկումների արդյունքում ծնված նախագծերի՝ «Խոստումը» սկիզբ է առել մեկ մարդու մտահղացմամբ։ Նախագծի հեղինակ և համահիմնադիր Արմեն Ղազարյանը 2021 թվականին ընտանիքի հետ այցելել էր Հաղպատի վանք, որտեղ էլ հղացավ գաղափարը։ Չորս տարի գաղափարը հեղինակի մտքում հասունանում էր։ 2025–ին սկսվեց իրականացման ճանապարհը։ Նախագծին միացան հեղինակի ընկերները, ապա՝ մասնագետներ և մարդիկ, ովքեր առանց վարանելու որոշեցին դառնալ այս մեծ գաղափարի մի մասնիկը։ «Գլխավոր նպատակը կայանում է նրանում, որ մենք՝ հիշելով մեր անցյալը, նայենք դեպի ապագա։ Դա է «Խոստումի» կարգախոսը։ Ամեն մարդ, երբ կրի խաչը իր կրծքին, նա կտա մի յուրօրինակ խոստում, թե ինքը ինչ է խոստանում ինքն իրեն»,– լրագրողների հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ, նախաձեռնության համահիմնադիր Արմեն Ղազարյանը։
«Խոստում» խաչի ստեղծման աշխատանքը հեշտ չէր։ Ամիսներ տևած հարյուրավոր փորձարկումների և տասնյակ լուծումների արդյունքում ծնվեց վերջնական տարբերակը։ Խաչը բաղկացած է չորս հատվածից, որտեղ յուրաքանչյուր դետալ մշակվել է առանձին։ Կենտրոնում Հայ Առաքելական եկեղեցու խաչն է։ Դիմային հատվածում հայկական ավանդական զարդանախշերի ժամանակակից մեկնաբանությունն է։ Կաղազարդն ու հետնամասը տեղադրված են առանձին։ Ներքին խորշը նախագծված է այնպես, որ իր մեջ պահի ամենակարևոր արժեքը՝ հայկական աշխարհի սրբավայրերից բերված քարերի մասնիկները։ Խաչերի մեջ ամփոփված են Մուշից, Վանից, Սասունից, Անիից, Սիսից, Արարատի գագաթից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սինգապուրի և այլ երկրների հայկական եկեղեցիներից բերված քարեր։ Դրանց թվում կան քարեր այնպիսի եկեղեցիներից, որոնք այլևս գոյություն չունեն կամ մնացել են ջրի տակ։
Տարբեր վանքերից, եկեղեցիներից ու սրբավայրերից բերված քարերը մանրացվել են և լցվել խաչերի մեջ։ Այդ խորհրդանշական աշխատանքը վստահվել է երեխաներին։ Նրանց միացան մշակույթի, գիտության, սպորտի և հասարակական կյանքի ճանաչված ներկայացուցիչներ։











