ՀՀ Սահմանադրական դատարանում հրապարակվում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժերի հայցի վերաբերյալ վճիռը։ Վճիռն ընթերցում է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել միանգամից 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ժողովրդավարության պաշտպանների միություն հանուն հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները։ Ավելի ուշ «Նոր ուժը» դադարեցրեց մասնակցությունը։
Պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, համապատասխանողներն են ՆԳՆ-ն, դատախազությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն, երրորդ կողմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՍԴ-ում լսումները սկսվել էին հունիսի 26-ին։ Նիստերն անցկացվել են 7 դատավորների կազմով․ ՍԴ որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցել՝ պայմանավորված նախորդ երկարամյա կուսակցական գործունեությամբ։ Չնայած հայցվորների բողոքներին՝ ընդդիմության նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունք ունեցող դատավոր Սեդա Սաֆարյանը գործընթացից չհեռացվեց։
Բարձր դատարանը 6 օր շարունակ, առանց հանգստյան օրերի, անցկացրել է ինտենսիվ նիստեր։ Դատարանը լսել է կողմերին, անցկացրել է փակ նիստ, որի ընթացքում քննարկվել են հրապարակման ենթակա չեղող տվյալներ՝ զինծառայողների և հատուկ ցուցակներով քվեարկած այլ անձանց քվեարկության վերաբերյալ։
Դատարան դիմած գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես լրացուցիչ պահանջ, ներկայացրել է ձայների հաշվարկի հարցում հստակեցում մտցնելու (անվավեր քվեաթերթիկները հաշվի առնելով կամ առանց հաշվի առնելու) և մանդատների բաշխումը փոխելու պահանջ։
Հուլիսի 1-ին, լսելով կողմերի եզրափակիչ ելույթները, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։











