«Այստեղ կա երկու հանգամանք․ եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Ադրբեջանի մաս, ապա, հավանաբար, դա Հայաստանի ընտրությունն է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Սա հայ ժողովրդի և Հայաստանի ընտրությունն է։ Սակայն այստեղ կան ռիսկեր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհառազմավարական, ուժերի հավասարակշռության և տարածաշրջանում փոխգործակցության փոփոխության առումով»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում, «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգություն․ Հայաստանի ընտրությունը» միջազգային գիտական-փորձագիտական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի թյուրքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր ադրբեջանական էներգակիրներով «հեղեղել» հայկական շուկան։

Ըստ ռուսաստանցի փորձագետի, կան նաև տնտեսական բնույթի ռիսկեր, քանի որ ակնհայտ է, որ թուրքական տնտեսությունը գտնվում է շատ բարդ իրավիճակում։

«Սակայն, միևնույն ժամանակ, թուրքական տնտեսությունը շատ ավելի մեծ է, քան հայկական տնտեսությունը, և ունի անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ։ Այս առումով Հայաստանի տնտեսության տեսանկյունից սահմանը բացելու և առհասարակ հաղորդակցությունների դեպքում ռիսկերը շատ մեծ են։ Դրանք պետք է հաշվարկել, հասկանալ, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Ձեր կողքին օրինակ կա․ դուք ասացիք Վրաստանի մասին, բայց կա նաև մեկ այլ օրինակ։ Վրաստանի կազմում կա Աջարիան, որը փաստացի այսօր գտնվում է Թուրքիայի Հանրապետության որոշակի վերահսկողության ներքո։ Այնտեղ թուրքական բիզնես է, թուրքական հող և խաղատներ։ Թուրքերը գնում են խաղատներ, որովհետև Թուրքիայում, ինչպես հայտնի է, խաղատներն արգելված են, իսկ Աջարիայում նրանք կարող են այցելել։

Ընդհանուր առմամբ, այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել ոչ այնքան մեծ տնտեսության հետ, որը կարող է բավական արագ կլանվել և ենթարկվել արտաքին ազդեցությանը», - նշել է թյուրքագետը։

Բացի այդ, ըստ Ավատկովի, այստեղ կա նաև առկա պայմանագրային պարտավորությունների հարց։

«Նույն Վրաստանը, որը նավթամթերք է ստանում Ադրբեջանից, դրանք ստանում է բավական վաղուց կնքված պայմանագրային պարտավորությունների շրջանակում։ Երբ կար համապատասխան հնարավորություն, կառուցվեց Բաքվից Թուրքիա՝ Թբիլիսիով անցնող գազատարը։ Եվ դրա շրջանակում, իհարկե, Վրաստանը կարող էր և ստանում է համապատասխան ռեսուրսները այդ նավթատարով։

Ավելին, բենզինն էլ է գալիս Ադրբեջանից, և այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Սակայն դա ամբողջությամբ և լիովին փոխարինել չհաջողվեց, և դա Վրաստանի համար այնքան էլ շահավետ չէ՝ համեմատած նախկին իրավիճակի հետ, երբ Ռուսաստանն ու Վրաստանը լավ հարաբերություններ ունեին, և Ռուսաստանը մեր վրացի գործընկերներին էներգակիրներ էր մատակարարում շատ ավելի ցածր գնով», - նշել է նա։