Հայաստանի խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության անդամները, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ են դրել Երեւանի Հաղթանակի զբոսայգու Հավերժական կրակի մոտ` Անհայտ զինվորի շիրիմին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը: Այդ մասին Հաղթանակի զբոսայգուց հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Լռության րոպեից հետո հավաքվածների առջեւից հանդիսավոր երթով անցել են Հայաստանի ԶՈՒ եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության քաղաքացիներ գալիս են ծաղիկներ դնելու եւ հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին:
Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Նիկոյանը Հաղթանակի օրը նշել են վետերանների հետ դաշտային խոհանոցում, որն այսօր տեղակայվել էր Հաղթանակի զբոսայգում: Խորհրդարանի խոսնակը եւ կառավարության ղեկավարը շփվել են Երկրորդ աշխարհամարտի վետերանների հետ, ներկաներին շնորհավորել են Հաղթանակի օրվա առիթով:
Նշենք, որր հայերի համար մայիսի 9-ը եռակի տոն է` Հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի օրը:











