Այս պահին Քննչական կոմիտեում են գտնվում Արմատ մեդիայի աշխատակիցները, 9 անձ այսօր հարցաքննության է հրավիրված վկայի կարգավիճակով, այն նույն գործի շրջանակներում, որով որ մեկ ամիս առաջ ԱԱԾ-ականները, քննչական մարմինները ներխուժեցին Արմատ մեդիա և խուզարկություններ իրականացրեցին, ընդհուպ տանելով մեր տեխնիկան, համակարգիչները և մեր անձնական հեռախոսները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արմատ մեդիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր նելլի Ավետիսյանը։

«Սա միմիայն քաղաքական բնույթ ուներ, ընտրություններից երկու օր առաջ տանելով մեր տեխնիկան, փորձ արվեց և նրանց իհարկե հաջողվեց պարալիզացնել մեր աշխատանքը։ Մենք չկարողացանք ընտրությունները լուսաբանել այնպես, ինչպես մենք պլանավորել էինք»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե խաթարված լիներ «Արմատ մեդիայի» աշխատանքը, ապա ի՞նչ գործ ուներ այդ գործակալության լրագրողը կառավարության շենքում ու հարց տալ վարչապետին, Նելլի Ավետիսյանն ասաց. «Թող գա տեսնի Արմատ մեդիայի խմբագրության կապարակնքված դռները և թող համարձակվի, օրինակ, այդ կապարակնիքները պոկել, ներս մտնել և հավուր պատշաճի աշխատել։ Օրինակ, հնարավո՞ր է, որ մտնեն ու կապարակնքեն «Հայկական ժամանակի» կամ Civic.am–ի խմբագրությունները, իրենց դա դուր կգա՞, իրենք կկարողանան իրենց աշխատանքը կանոնակարգել»։ Նույն խմբագրության լրագրող Աղավնի Սուքիասյանն դիմեց Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսին. «Հարգելի պարոն Մարագոս, եթե Եվրամիության որևէ անդամ երկրում փորձեին փակել լրատվամիջոց, առգրավեին լրատվամիջոցի գույքը, աշխատողների անձնական հեռախոսները, կապարակնքեին դռները, դուք արդյո՞ք այդ ամենին կհետևեիք նույն լռությամբ, ինչ հետևում եք Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է՝ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին խոսող հասարակական կազմակերպությունները, որոնք միլիոնավոր դրամների գրանտներ են ստանում Արևմուտքից, չեն տեսնո՞ւմ ինչ է կատարվում Արմատ մեդիայի շուրջ, թե՞ Արմատ մեդիայում աշխատող լրագրողը լրագրող չի, արևմտյան գրանտով սնվող կառույցում աշխատողը լրագրող է։ Ուզում եմ այս երկակիությանը անպայման անդրադառնալ։ Ես շատ կուզեի, որ այն կառույցները, որոնք գրանտ են ստանում խոսքի, ազատության, պաշտպանության համար, գոնե ունենային մի գրամ բարոյականություն և պաշտպանեին այսօր Արմատ մեդիայում աշխատող մարդկանց ոտնահարված իրավունքները։ Իսկ այն, որ մեր իրավունքները ոտնահարված են, մենք ասում ենք հունիսի 5-ից սկսած, երբ մտան մեր խմբագրություն։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ կա Աշոտ Մելիքյան, 37 միլիոն դրամ գրանտ է ստացել արևմտյան կառույցներից, Հայաստանում խոսքի ազատությունը պաշտպանելու համար։ Ոորտե՞ղ է պարոն Մելիքյանը, ինչու՞ է լուռ և ինչու՞ են ծպտված մյուսները։

Նաև ուզում եմ դիմել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, հարգելի տիկին Մանասյան, ես հասկանում եմ, որ դուք բացառապես ՔՊ-ական պատգամավորների կողմ քվեով ընտրված մարդու իրավունքների պաշտպան եք, բայց որտե՞ղ եք դուք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել համապատասխան կառույցներին, տիկին Մանասյան, ձեր ուղարկած գրություններից ի՞նչ կա, կա՞ արձագանք»։

Նշենք, որ «Արմատ մեդիայի» լրագրողներին այսօր կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների։

Հիշեցնենք, որ հունիսի 5–ին, երբ իրավապահներն առգրավել են «Արմատ մեդիայի» համակարգիչները։ Գործակալության գլխավոր խմբագիր խմբագիր նելլի Ավետիսյանը հայտարարել էր, որ դրանք մոնտաժային համակարգիչներ են, և հիմա իրենք զրկվում են աշխատելու, ուղիղ եթեր տալու, տաղավարային հաղորդումներ պատրաստելու հնարավորությունից»։

Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի սեփականատերը  «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանն է, որն ընտրություններից մի քանի օր առաջ  կալանավորվել  է՝ հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու և փողերի լցավման մեղադրանքով։ «Արմատ  մեդիայում» խուզարկությունը կատարվել էր հենց այս գործի շրջանակներում։