Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։

Սարգսյանը հստակեցրել է, որ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության և փողերի լվացման մեջ։ Նա պարզաբանել է, որ գործը վերաբերում է հայ-իրանական պալատի գործունեությանը, որի շրջանակում Ծառուկյանը փորձում էր աջակցել երկու երկրների միջև առևտրի զարգացմանը։

«Այդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ չարաշահումներ են թույլ տվել, ինչի կապակցությամբ նրանց դեմ հաղորդումներ են ներկայացվել։ Վերջիններս էլ, իրենց հերթին, հենց Իրանում են հաղորդումներ ներկայացրել, և նյութերն այնտեղից ուղարկել են այստեղ։ Այնուհետև, անհասկանալի պատճառներով, իրանական կողմի նյութերի հիման վրա Հայաստանի իրավապահները որոշել են Գագիկ Ծառուկյանին մեղադրյալի կարգավիճակ տալ, չնայած նա պետք է ճանաչվեր տուժող։

Զարմանալի է, որ Հայաստանն, իր քաղաքացու շահերը պաշտպանելու փոխարեն, անում է ամեն ինչ՝ ի վնաս նրա»,- ընդգծել է Սարգսյանը։

Նա նշել է, որ այս բոլոր գործողություններին նախորդել են ուղղակի սպառնալիքներ Ծառուկյանի հասցեին։

«Նույնիսկ խուզարկության ժամանակ իշխանության ներկայացուցիչները հպարտանում էին, որ կատարել են այն, ինչ խոստացել էին։ Հրապարակայնորեն հանձնարարականներ են տրվել այն մասին, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի գույքի նկատմամբ։ Բոլոր իրավապահ մարմինները որոշել են հենց այսօր սկսել գործողությունները, իսկ դա նշանակում է, որ նրանք հրահանգներ են ստացել միասնական կենտրոնից»,- հայտարարել է փաստաբանը։

Ծառուկյանի մյուս փաստաբանը՝ Էմին Խաչատրյանը, հայտնել է, որ գործին առնչվող որևէ իր կամ փաստաթուղթ իրավապահները չեն առգրավել, իսկ այն, ինչ առգրավվել է, առգրավվել է ապօրինի։ Նա հավելել է, որ դրա հետ կապված բողոք է ներկայացվելու։