Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը (TRIPP՝ հայ-ամերիկյան Trump Route for International Peace and Prosperity նախագիծ)։ Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Իրանի դեմ պատերազմից հետո Թեհրանի ունեցած մտահոգություններն այս հարցում ավելի են խորացել։

Դիվանագետը հավելեց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումից հետո Վաշինգտոնը բազմիցս խախտել է դրա դրույթները։ «Ուստի Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայությամբ միանգամայն օրինաչափ և տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծեց Շիրղոլամին։

Դեսպանը պարզաբանեց, որ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, թե TRIPP նախագծի իրականացումը Իրանի համար որևէ սպառնալիք և որևէ մարտահրավեր չի պարունակում՝ կապված ամերիկացիների ներկայության հետ։

«Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնց շրջանակում Հայաստանի կառավարությունը կկարողանա իրացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ պետք է տրվի հստակ արձագանք ամերիկացիների ներկայությանը և Իրանի համար հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին»,- հավելեց Շիրղոլամին։