NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի մշակութային «Folk Arts» հաղորդման շրջանակներում NEWS.am-ի լրագրողը զրուցել է կրիպտոգործարար, կոլեկցիոներ, տնտեսագիտության դոկտոր և ԵՊՀ դասախոս Հրաչյա Դանիելյանի հետ։

Վերջինս ծավալուն աշխատանքներ է իրականացնում հայկական մշակույթի պահպանման, հայ ականավոր գրողների, մշակութային և հասարակական գործիչների ժառանգության արժեքավոր նմուշների վերականգնման, ինչպես նաև բացառիկ նմուշները թանգարաններին նվիրաբերելու ուղղությամբ։ Այսօր Հրաչյա Դանիելյանի անձնական հավաքածուն ներառում է հարյուրավոր բացառիկ նմուշներ, որոնք վերաբերում են խորհրդային և հետխորհրդային շրջանի հայտնի դերասաններին, նկարիչներին ու գրողներին։

Հավաքածուում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Կարպ Խաչվանքյանի և բազմաթիվ այլ նշանավոր հայերի բնօրինակ ձեռագրերը, ինքնագրերը, նոթերը, անձնական իրերն ու ազգային արժեք ներկայացնող այլ նմուշներ։ Տարիների ընթացքում կոլեկցիոները ոչ միայն համալրել է իր սեփական հավաքածուն, այլև բազմաթիվ բացառիկ վավերագրեր ու նմուշներ է նվիրաբերել տարբեր թանգարանների, մշակութային և գիտական հաստատությունների՝ նպաստելով ազգային ժառանգության հանրայնացմանը։

Հարցազրույցի ընթացքում Հրաչյա Դանիելյանը պատմում է իր հավաքածուի ձևավորման պատմության, ազգային թանգարանի ստեղծման գաղափարի, ինչպես նաև հայկական մշակույթի պահպանման ու հանրահռչակման գործում գործարար աշխարհի ունեցած դերի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև մշակութային դաստիարակության կարևորությանն ու սերնդեսերունդ փոխանցվող ազգային կոդի պահպանման խնդիրներին։

NEWS.am-ի գիտահանրամատչելի ալիքի «Հայկական արհեստների վերածնունդ» խորագրի ներքո (Folk Arts) անդրադարձ է կատարվում այն անհատներին, որոնք յուրօրինակ առաքելությամբ վերականգնում, տարածում և հանրահռչակում են գրեթե մոռացված հայկական մշակութային արժեքներն ու ժողովրդական արհեստները։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։