Ես, 2020 թվից Ղարաբաղից եկել եմ, վեց տարում իմ տեղը չեմ գտել, մեկ տարի է աշխատում եմ պարոն Ծառուկյանի գործարանում, ու ես ամեն օր հիանում եմ իր գործարանով և իրենով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9–ին, «Արարատցեմենտ» գործարանի դիմաց աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ նշեց արցախցի աշխատակիցներից մեկը։

«Տոն օրերին բոլորիս 20 հազար դրամներ տալիս է, մարտի 8-ի նվերներ տալիս է։ Անցած տարվա դեկտեմբերի 26-27-ին ամբողջ գործարանին տարավ ռեստորան, բոլորի քարտին 20 հազար դրամ փոխանցեց։ Չգիտեմ, էլ ինչ է ուզում էս ժողովրդից մեր պարոն վարչապետը։ Խնդրանքս էդ ա, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ, աշխատակիցը հակադարձեց. «Մեր պարոն Ծառուկյանը եթե փողերի լվացում անի, Հիսուսի արձանը Հատիսի լեռան վրա չէր դնի։

Ես հիասթափված եմ այսօրվա կառավարությունից, դարձել է «չարի վերջը», էս սարն իմն է, էս ծառն իմ է։ Ոչ մի պաշտոն հավիտյան չի, եթե այսօր դու նստած ես սարի գագաթին, մի օր ընկնելու ես, ավելի ցավոտ է լինելու։ Ես կաշխատեմ միայն պարոն Ծառուկյանի օրոք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։