Ինդոնեզական հեռուստատեսությունը հրապարակել է տեսանյութը` Sukhoi Superjet-100-ի աղետի վայրից: Այս մասին հայտնել է բլոգեր Սերգեյ Դոլյան, ով ռուսական «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության պատվիրակության հետ գտնվում է Ջակարտայում:

Տեսանյութում երեւում են աղետի ենթարկված օդանակի կտորները: Բացի այդ, հեռուստատեսությունը ցուցադրել է մի խումբ փրկարարների, որոնք ուղղաթիռից պարաններով իջել են աղետի վայր, սակայն դեռ օդանավին չեն հասել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վթարի վայր են ուղեւորվում նաեւ փրկարարների ցամաքային խմբեր։  Նրանք, մասնավորապես, պետք է վայրէջքի  հրապարակ պատրաստեն վթարի վայրում ուղղաթիռներ ընդունելու համար, իսկ եթե դա չհաջողվի անել, ապա աղետի զոհերի մնացորդներն ստիպված կլինեն տարհանել  պատգարակներով։

Առավոտյան վթարի վայր է ժամանել  նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչ Լեոնիդ Կաշիրսկին։

Մինչդեռ, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն ժամանել էր Ջակարտայի օդանավակայան, որտեղ հանդիպել էր ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռի ավիավթարի զոհերի հարազատների հետ։

Պետության ղեկավարը համաձայնել էր ընդունել ռուս փրկարարների օգնությունը։ Նրա եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում որոշում է կայացվել, որ ՌԴ-ն կօգնի Ինդոնեզիային։

ՌԴ-ի ԱԻՆ-ն Ինդոնեզիա է ուղարկում «Ցենտրոսպաս» ջոկատի փրկարարներին, բժշկահոգեբանական խումբ եւ օպերատիվ խումբ։  Բոլոր փրկարաներն ունեն ալպինիստական պատրաստականություն եւ զինված են ալպինիստական սարքավորումներով։ Նրանք կմասնակցեն ինքնաթիռի ձայնագրիչների որոնման եւ այլ աշխատանքների։ ԱԻՆ-ի իքնաթիռը Ջակարտա կհասցնի նաեւ Բո-105 ուղղաթիռ։

Հիշեցնենք, որ SSJ-100-ը մայիսի 9-ին վթարի էր ենթարկվել Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռում եղել են հինգ երկրների 45 քաղաքացիներ, այդ թվում նաեւ 8 ռուս։ Ինքնաթիռը բախվել էր Սալակ լեռան լանջին՝ 1,6 կմ բարձրությունում։