Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք պատրաստ ենք այդ բարդություններին։ Մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը, քրեական գործերը չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար, իսկ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն»,- նշել է Կարապետյանը։

Նա իր խոսքում հստակեցրել է, որ բանտ գնալու մեջ որևէ բարդ բան չկա. «Իմ և իմ թիմակիցների համար բարդ ճանապարհ չկա, մենք գնալու ենք, շարունակելու ենք այս պրոցեսը, որովհետև սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի նպատակները լրիվ այլ են»։