Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արարատի մարզի Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոցի 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին, որի շրջանակում համայնքային երկու հողամասերը նվիրաբերության կարգով տրամադրվեցին «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» -ին։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց, որ ընկերությունը մինչև 2030 թվականը պարտավորվում է կառուցել երկու բազմաբնակարան շենք և դրանցից 48 բնակարան փոխանցել համայնքին՝ նախկին շահառուներին բնակարաններով ապահովելու նպատակով։ Բացի այդ, ընկերությունը համայնքին կհանձնի նաև շուրջ 686 քառակուսի մետր հասարակական տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել գրադարան։ Դավիթ Խուդաթյանն ընդգծեց, որ ծրագրի առանձնահատուկ է նաև նրանով, որ լուծվում է բնակիչների տասնամյակներով չլուծված սոցիալական խնդիրը։  «Խորհրդային Միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել, բնակիչներն օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից։ Գույքը քանդվել է, սակայն դեռ խորհրդային տարիներին սկսված բազմաբնակարան շենքերի կառուցումը չի ավարտվել, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության պատճառով անավարտ կառույցները հաշվառվել են որպես ինքնակամ շինություններ։ Հիմա բնակիչները հնարավորություն են ստանում 80-ականներին կորցրած իրենց սեփականությունը վերադարձնելու։ Այսինքն, բավարարվում է մարդկանց ակնկալիքները։ Բացի դրանից, համայնքը ստանում է գրադարանի տարածք։ Բնականաբար, կա նաև կոմերցիոն հետաքրքրություն։ Տարածքը նպատակահարմար է ներդրումներիր համար։ Սահմանված է 3 միլիարդ դրամի ներդրում այս տարիների համար։ Շուրջ 160 բնակարաններ վաճառքի կդրվեն, ինչի արդյունքում Արարատ քաղաքի բնակարանային ֆոնդը էականորեն կթարմացվի»,– կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագիրը կարևոր է ոչ միայն բնակարանաշինության, այլև համայնք-մասնավոր հատված համագործակցության տեսանկյունից։ 

«Սա այն դեպքերից է, երբ համայնքը և կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով կարող են մի կողմից իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից՝ համայնքը կարող է այդ հնարավորությունն օգտագործել սոցիալական իր որոշակի պարտավորությունները կատարելու համար։ Այս փորձը կարող է օգտակար լինել նաև հանրապետությունում մշակվող ռենովացիայի ծրագրերի համար»,- ասաց փոխվարչապետը։ 

Քննարկմանը անդրադարձավ նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով, որ ծրագրով նախատեսվում է նաև համայնքային գրադարանի ստեղծում։ 

«Շատ կարևոր է, որ նոր կառուցապատումները զուգակցվեն նաև սոցիալական ենթակառուցվածքների՝ դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների և այլ հանրային տարածքների պլանավորմամբ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։ 

 Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել շուրջ 50 աշխատատեղ, իսկ պետական բյուջե, ըստ հաշվարկների, կուղղվի մոտ 1 մլրդ դրամ հարկային եկամուտ։  Ընդհանուր առմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»–ին կփոխանցվի շուրջ 0.364 հա համայնքային հող։ Հողամասերի վրա կան երկու անավարտ ինքնակամ շինություններ՝ համապատասխանաբար 1231.3 քմ և 451.11 քմ մակերեսներով։ Դրանք նոր սեփականատերը պետք է քանդի, որից հետո կառուցի նոր շենքերը։   Փաստաթղթում նշված մոտարկված կադաստրային արժեքներն են՝   Ս․ Շահումյան 20 հասցեի գույք՝ մոտ 4.81 միլիոն դրամ,   Ս․ Շահումյան 37/1 հասցեի գույք՝ մոտ 2.02 միլիոն դրամ։  Ընդհանուր նշված արժեքը մոտ 6.83 միլիոն դրամ է։ Փաստաթղթի հեղինակները համեմատության համար հաշվարկել են, որ համայնքին փոխանցվող 48 բնակարանների և գրադարանի տարածքի պայմանական ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 1,417 միլիարդ դրամ, ինչը բազմակի գերազանցում է հողամասերի նշված կադաստրային արժեքը։ Սակայն սա նախագծում ներկայացված հաշվարկ է՝ բնակարանների համար մեկ քառակուսի մետրը 350 հազար դրամ, իսկ հասարակական տարածքի համար՝ 400 հազար դրամ գնահատմամբ։  Որոշմամբ սահմանվել է նաև, որ եթե ծրագրի մեկնարկից հետո հինգ տարվա ընթացքում ընկերությունը չիրականացնի կառուցապատումը կամ չկատարի ստանձնած պարտավորությունները, համայնքին նվիրաբերված հողամասերը, առանց փոխհատուցման, կվերադառնան համայնքի սեփականությանը, իսկ ներդրումային ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումը կարող է ուժ ը կորցրած ճանաչվել։ 

Հատկանշական է, որ «ՄԼ Մայնինգ»-ի հետ սա առաջին նմանատիպ նախագիծը չէ։ 2023 թվականին կառավարությունը նույն ընկերության մասնակցությամբ հաստատել էր Երևանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի վերակառուցման ներդրումային ծրագիրը, որի շրջանակում ևս նախատեսվել էր քանդել հին շենքերը, կառուցել նոր բազմաբնակարաններ և բնակարաններով ապահովել բնակիչներին։