Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի թանգարանը վերջին մի քանի տարիներին դարձել է Ուրումչի քաղաքի մշակութային կենտրոնը և տարածաշրջանի բնակիչների ու հյուրերի համար ձգողականության կենտրոն։ Այստեղ տեղակայվել է մեծածավալ հոբելյանական ցուցադրություն՝ նվիրված ՍՈւԻՇ-ի կազմավորման 70-ամյակին։

Անցյալ տարվա սեպտեմբերին ցուցահանդեսն այցելել էր ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, որը հայտարարել էր, որ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում հիմնադրումից ի վեր 70 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները կենդանի պատկերացումն են չինական ազգի մեծ վերածննդի ճանապարհի։

Ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից և պատմում է տարածաշրջանի ձեռքբերումների մասին՝ հիմնադրման պահից ի վեր՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, երկրի մյուս շրջանների ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև տարբեր էթնիկ խմբերի և հասարակական շրջանակների ջանքերով։

Ցուցադրության հիմնական գաղափարն է ցույց տալ, թե ինչպես է քաղաքակրթությունների հին խաչմերուկը վերածվել ժամանակակից տնտեսական և մշակութային հանգույցի։ Պատմությանը նվիրված բաժինները տեսանելի կերպով ներկայացնում են տարածաշրջանի լայնածավալ վերափոխումը յոթ տասնամյակների ընթացքում՝ առաջին բեռնատար երթուղիներից մինչև բարձր արագությամբ մայրուղիներ և համաշխարհային նշանակության լոգիստիկ հանգույցներ։

Ցուցահանդեսում հստակ երևում է ավանդական ագրարային և արհեստագործական կենտրոնների՝ բարձր տեխնոլոգիական կլաստերների վերածման դինամիկան։

Հատուկ շեշտադրում ցուցադրության համադրողները կատարել են ՍՈւԻՇ-ի մշակութային բազմազանության վրա։ Ցուցասրահները վերածվել են այս հողի վրա դարերով կողք կողքի ապրող ժողովուրդների ավանդույթների կենդանի հանրագիտարանի։

Ցուցադրությունում ներկայացված են՝

Կենցաղի եզակի արտեֆակտներ․ ույղուրների, ղազախների, հուեյցզուների, մոնղոլների և այլ էթնոսների իսկական ազգային տարազներ, զարդեր և կենցաղային իրեր։

Ժողովրդական արհեստներ․ ավանդական խեցեգործության, ջուլհակության, գորգագործության և փորագրական արվեստի գլուխգործոցներ։

Լեզվական և երաժշտական ժառանգություն․ հազվագյուտ ձեռագրեր, ավանդական երաժշտական գործիքներ և նյութեր, որոնք բացահայտում են բանահյուսության հարստությունը։

Սինցզյանը պատմականորեն եղել է Մեծ մետաքսի ճանապարհի հիմնական դարպասը, որը միացնում էր Արևելքն ու Արևմուտքը։ Ցուցահանդեսում այս թեման հնչում է նոր ուժով․ տարածաշրջանի հին պատմությունը սերտորեն միահյուսված է նրա ժամանակակից դերի հետ՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առանցքային օղակ։

 Արուս Բակունց, Սոֆի Էլիզբարյան