Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նազելի Բաղդասարյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում՝ Սիսակ Գաբրիելյանը, առողջապահության հարցերով՝ Լուսինե Բադալյանը, իսկ եվրոպական ինտեգրման հարցերով՝ Սոնա Կազարյանը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխավորելու է Սարգիս Խանդանյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը՝ Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերով՝ Վիլեն Գաբրիելյանը, իսկ պետական-իրավական հարցերով՝ Արուսյակ Ջուլհակյանը։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով՝ Վահե Ղալումյանը, տնտեսական հարցերով՝ Բաբկեն Թունյանը, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Ծովինար Վարդանյանը։











