Օգոստոսի 3-ի առավոտյան Երևանում տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունների կողմից փակված օբյեկտների աշխատակիցների բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ նախորդ հավաքը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Հավաքվածները պահանջում են վերսկսել դադարեցված օբյեկտների (մարզահամալիրների, գործարանների, հյուրանոցների, ռեստորանների և այլն) գործունեությունը՝ հնարավորություն տալով իրենց վերադառնալ աշխատանքի։ Հուլիսի սկզբից պարապուրդի մատնված աշխատակիցները հայտնվել են ապրուստի միջոցներից զրկվելու և վարկային պարտավորությունները կատարել չկարողանալու անելանելի վիճակում։
Նախորդ ակցիայի ընթացքում աշխատակիցներին ընդունել էր կառավարության ներկայացուցիչը՝ խոստանալով բարձրացված պահանջը փոխանցել ղեկավարությանն ու ներկայացնել պատասխանը։ Այսօր քաղաքացիները հավաքվել են հենց այդ պատասխանն ստանալու ակնկալիքով։
Ընդհանուր առմամբ դադարեցվել է մոտ 70 օբյեկտի աշխատանք, որոնցից մի քանիսն արդեն հանձնվել են պետական կառավարման։
Գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ կալանավորված է։











