Հայտարարվել է, որ Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրությունների կարիք կա։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։

«Ես երեկ էլ ձեր գործընկերներին հորդորեցի այցելել Հայաստանի մի քանի քաղաքներ, դրանից հետո այցելեք Գյումրի, տեսեք Գյումրիի իրական պատկերը։ Գյումրիում գեթ մեկ նորմալ ահավոր խաղահրապարակ չեք գտնի։ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, մենք միանշանակ այդ մտքի կողմնակիցն ենք։ Իսկ արտահերթ ընտրությունները ՀՀ ընտրական օրենսգրքով և սահմանադրությամբ ամրագրված են, թե ինչպես են իրականացվելու»,–ասաց նա։

Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկություններ Մինասյանը չունի, սակայն նշեց՝ երբ նման հնարավորություն լինի՝ կհայտարարվի, դա գյումրեցիների պահանջը կլինի։ Քանի դեռ չկա ընտրությունների օր, ըստ Մինասյանի, լուրջ չէ թեկնածուների անուններ տալ։

Մինասյանը նկատեց, որ որպես ԱԺ պատգամավոր էլի զբաղվելու է Գյումրիի խնդիրներով. «Պատգամավորի մանդատ ունենալը ինձ տալիս է ավելի մեծ հնարավորություն էր զբաղվել Գյումրիի, այդ թվում նաև Շիրակի մարզի խնդիրներով, քանի որ ես գյումրեցի եմ, Գյումրին իմ տունն է, իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում, ես բնակվում եմ Գյումրիում, Գյումրիից չեմ հեռանա երբեք, անհոգ եղեք։ Ես Գյումրեցիների կողքին եմ լինելու եմ։ ԱԺ–ում առաջադրվել եմ ՏԻՄ հանձնաժողովում, զբաղվելու եմ հիմնականում Գյումրու Շիրակի մարզի համայնքային խնդիրներով»։

Հարցին՝ ի՞նչ եղանակով է ՔՊ–ն Գյումրիում գնալու արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով, որ ավագանին կարողանում է քվորում ապահովել, ՔՊ–ական պատգամավորն արձագանքեց. «Գուշակել չեմ կարող, տարբեր պատճառներ ու տարբեր տարբերակներ կարող են լինել»։

Անդրադառնալով հայհոյանքներ պարունակող իր գրած մեկնաբանություններին՝ ԱԺ-ում լարված իրավիճակի ժամանակ կհայհոյի՞՝ Մինասյանը պատասխանեց․ «Կհայհոյեմ, թե ո՞չ։ Չէ, կանիծեմ։

ԱԺ նախագահի մեր թեկնածուն հայտարարեց մեր դիրքորոշումը․ եթե մեր ընդդիմությունը կընդունի՝ շատ լավ, չի ընդունի՝ կգործենք հայելային կարգով, այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Չեմ կարծում, որ այստեղ մեկը կա, որ կարող է ինձ ծեծել»։