Կինս ստանում է «Հայփոստի» ողջ պատմության ընթացքում ամենացածր աշխատավարձը։ Այս մասին օգոստոսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում՝ խորհրդարանի փոխխոսնակների ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու, պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե որքան է կազմում իր կնոջ աշխատավարձը։

Պատգամավորի խոսքով՝ իր կինն այդ ընկերությունում աշխատում է արդեն ավելի քան 5 տարի։ Այսինքն՝ նա դրսից չի եկել և մեկ գիշերում չի ստացել «Հայփոստի» ղեկավարի պաշտոնը։

«Մամուլում կարող էր հայտնվել ոչ թե այնպիսի վերնագիր, թե Հայկ Կոնջորյանի կինը ստանում է այսինչ աստղաբաշխական աշխատավարձը, այլ այն մասին, որ Հայկ Կոնջորյանի կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձով տնօրենն է»,- նշել է խորհրդարանականը։

Նա վերնագրի մեկ այլ տարբերակ է առաջարկել լրատվամիջոցների համար․

«Օրինակ՝ «Որքա՞ն գումար է հարկատուների միջոցներից ծախսել Ագնեսա Խամոյանը՝ լինելով Ազգային ժողովի պատգամավոր»»։

Շուշան Ալեքսանյանի (Հայկ Կոնջորյանի կնոջ – խմբ․)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ տվյալ պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը։ Այսպիսով, իշխող խմբակցության պատգամավորի կինը պետական ընկերությունում ամսական ստանում է ավելի քան 3,6 միլիոն դրամ, ինչը կազմում է մոտ 10 հազար դոլար։

Միևնույն ժամանակ, «Հայփոստի» 2025 թվականի տարեկան հաշվետվությունից հետևում է, որ մի շարք ֆինանսական ցուցանիշներով ընկերության վիճակը նախորդ տարի վատթարացել է։